Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից, այսօր՝ ժամը 12-ից, Շառլ Ազնավուրի հրապարակում` «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարեւանությամբ, տեղի կունենա պիկետ: Միաժամանակ երիտասարդների առանձին խմբեր բողոքի ակցիա են անցկացնում առավոտյան ժամը 9-ից: Իսկ պիկետի ավարտից հետո` ժամը 18.00-ին, Մատենադարանի մոտ տեղի կունենա Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը: Ըստ Կոնգրեսից ստացված հաղորդագրության` հանրահավաքը կվարի ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, իսկ հանրահավաքում ելույթ կունենան վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Հանրահավաքը կեզրափակվի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթով: Ի դեպ, Կոնգրեսը քաղաքացիներին նաեւ խնդրել է ճանապարհների փակման, ոստիկանության կամ պետական ու ոչ պետական այլ մարմինների կողմից հանրահավաքին մասնակցելու հետ կապված որեւէ խոչընդոտի հանդիպելու պարագայում տեղյակ պահել Կոնգրեսի գրասենյակին: