Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Բաքվում կայացել է «Զբոսաշրջությունն Ադրբեջանում. զարգացման խնդիրներն ու հեռանկարները» խորագրով կոնֆերանսը:
Դրանում առաջարկվել է Ադրբեջանի շրջաններում գործող զբոսաշրջային կենտրոններին հնգամյա ժամկետով ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): Քանի որ զբոսաշրջությունն Ադրբեջանում կրում է սեզոնային բնույթ, ուստիև գործարարները նպատակահարմար են համարում հարկերի նվազեցումը:
Բացի այդ, առաջարկվում է զբոսաշրջության զարգացման համար տրամադրել երկարաժամկետ վարկեր, նվազեցնել դրանց տոկոսադրույքը, ինչպես նաև մաքսատուրքից ազատել զբոսաշրջության նպատակով երկիր ներմուծվող սարքավորումները, հանդերձանքը և կենցաղային փոքր ապրանքները:
Այս առաջարկները շուտով կներկայացվեն առանձին նախարարությունների և կառավարությանը:
Հիշեցնենք, որ երկրագնդի վրա գոյություն ունեցող 11 կլիմայական գոտիներից 9-ը ներկայացված են Ադրբեջանում: Նախորդ տարի Ադրբեջան է այցելել 1.850.000 մարդ: