Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, այսօր Ռուսաստանի Պետդուման վավերացրել է խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության մասին համաձայնագիրը:
Այդ համաձայնագիրը կնքվել էր 2009 թվականի օգոստոսի 6-ին, Անկարայում: Համաձայնագրով նախատեսվում է համագործակցել հետևյալ ուղղություններով` գիտական հետազոտություններ ու մշակումներ, էներգետիկ և հետազոտական ռեակտորների շահագործում, միջուկային նյութերի տրամադրում, ուրանային հանքավայրերի հետախուզում ու մշակում, միջուկային անվտանգություն, ռադիացիոն պաշտպանություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և այլն:
Հիշեցնենք, որ 2010 թվականի վերջին Պետդուման վավերացրեց Թուրքիայի միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում Ռուսաստանի կողմից թուրքական առաջին ատոմակայանի կառուցման ու շահագործման մասին համաձայնագիրը: Աքքույուի ատոմակայանը տարեկան կարտադրի մոտ 35 տրիլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 20 միլիարդ դոլար: