«Օրենսդրորեն հայ հեղինակը պաշտպանված է, սակայն իրական կյանքը ցույց է տալիս, որ անօրինականությունները և խախտումները շատ են: Մեր երկրում այդ խախտումները բավական շատ են` մինչև 90 տոկոս, ինչն էլ ազդում է երկրի վարկանիշի և տնտեսության վրա»,- անդրադառնալով գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվան և այդ բնագավառում առկա հիմնախնդիրներին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայհեղինակ» հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:
Նա նշեց, որ մեզանում խախտվում են հեղինակի թե՛ բացառիկ, թե՛ անձնական և թե՛ գույքային իրավունքները. «Ստեղծագործություններն օգտագործվում են՝ առանց նշելու, թե ով է հեղինակը, բավական շատ են գրագողության դեպքերը: Հեռուստաեթերում ևս կան հեղինակային իրավունքների խախտումներ` շատ ֆիլմեր և հաղորդումներ ցուցադրվում են առանց հղումների: Երբեմն հրատարակիչներն են խախտում թե՛ հեղինակների, թե՛ միմյանց իրավունքները»:
Անդրադառնալով լրագրողների հեղինակային իրավունքների խախտման դեպքերին՝ Ս. Ներսիսյանը նշեց, որ լրագրողները ևս շատ են դիմել իրենց կազմակերպությանը. «Բուն ինֆորմացիան հաղորդելը չի համարվում ստեղծագործական աշխատանք և չի կարգավորվում «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, իսկ եթե լրագրողը տալիս է կարծիք, վերլուծություն, բնական է՝ պետք է պաշտպանված լինի այս օրենքով»:









































