«Եթե 2008 թվականին ավտոտրանսպորտային վթարների հետևանքով մահացել է 407 քաղաքացի, 2009 թվականին`325 քաղաքացի: 2010 թվականի վիճակագրությունը դեռ պատրաստ չէ, սակայն այս թվերը ցույց են տալիս, որ ամրագոտիների ներդրման և մի շարք այլ փոփոխությունների հետևանքով նվազել են ավտոպատահարները»,- այսօր այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքերով, այս տարի ավտովթարներից մահացության և վիրավորների թիվը կտրուկ ավելանալու է, որովհետև ԱՊՊԱ ստիպում է, որ բոլոր դեպքերը պատշաճ գրանցվեն, և ծածկադմփոցներ չեն արվի: Ամեն դեպքում, նա կարևորեց սպառողներին մտահոգող մեկ այլ խնդիր, ըստ որի՝ մեր երկրում վճարողունակության 57 տոկոսը բաժին է հասնում սպառողական զամբյուղին, այնինչ արևմտյան երկրներում դա 25 տոկոս է կազմում, ավելին՝ 25 տոկոսը աղքատության ծայրահեղ շեմ է համարվում, իսկ Հայաստանում 57 տոկոս է կազմում՝ չհաշված կոմունալ վճարները, որոնք էլ իրենց հերթին 28 տոկոս են կազմում:
«Մարդը չի ծնվել կոշիկ հագնելու, պոմիդոր ուտելու համար, մարդը պետք է հոգևոր կյանք վարի, օպերա գնա»,- նկատեց Արմեն Պողոսյանը և առաջարկեց զսպել գների՝ արդեն չափն անցած աճը մեր երկրում:









































