Այսօր մենք տեղեկացրել էինք, որ Օբամայի` Լոս Անջելես կատարած այցի ժամանակ մի քանի հարյուր հայեր («Ասպարէզ» թերթի տվյալներով, նրանց թիվն անցել է 1500-ից) բողոքի ցույց են կազմակերպել` պահանջելով նրանից կատարել իր նախընտրական խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ցույցին մասնակցել է նաև Սերժ Թանկյանը, որը նախօրորք տեղյակ էր պահել, որ ներկա է գտնվելու այդ միջոցառման ժամանակ: Նա ասել է, որ հույս ունի, թե նախագահ Օբաման կազդի իր վարչակազմի վրա: Երաժիշտը նշել է, որ իրենց դուր է գալիս նախագահ Օբաման, և կցանկանան նրան նորից տեսնել նախագահի թեկնածու: Թանկյանը նաև ասել է, որ ինքն այդտեղ է՝ պահանջելու ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև կատարել բոլոր այն խոստումները, որ Օբաման տվել էր նախընտրական շրջանում: Այս մասին System of a Down խմբի ներկայացուցիչն ասել է «Հորիզոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում: