Լուրեր
Սերժ Սարգսյանը կորցրել է Արևմուտքի աջակցությունը (տեսագրություն)
  • 09:29
  • 2011-04-22
  • Դիտումներ՝ *
  • Realpolitik
  • ԽՈՍՔ
  • Հյուր` Վլադիմիր Կարապետյան
  • Պաշտոն ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ

«Առաջին լրատվական»-ի REALPOLITIK հաղորդման հյուրն է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:


– Պարոն Կարապետյան, ՀԱԿ-ը իր վերջին հայտարարության մեջ առանձնացրել էր երեք փաստաթուղթ, որոնք, ըստ հայտարարության հեղինակների, «մեծ հարված են հասցրել մեր պետականությանը»: Չկա մի ամիս, որ միջազգային որևէ կառույց կամ կազմակերպություն, այս կամ այն կերպ չանդրադառնա Հայաստանում տիրող կացությանը: Ինչո՞ւ համարեցիք, որ հենց այդ երեք փաստաթղթերն են առավել մեծ հարված հասցրել մեր պետությանը:


– Ես ինքս մասնակցել եմ այդ հայտարարությունը կազմելուն և պետք է ասեմ, որ մենք հիմա բավականին բարդ իրավիճակի մեջ ենք, քանի որ Հայաստանի ներքին կյանքին առնչվող միջազգային փաստաթղթերն ավելի շատ են, միայն այդ երեքը չեն: Առայժմ առանձնացրել ենք միայն սրանք: Առաջինը` ԱՄՆ դեսպանի հայտարարությունն էր, որ այս պահին Հայաստանը ժողովրդավարության այն մակարդակում է, որ չի կարող դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Սա բավականին կոշտ վերաբերմունք է Հայաստանի իշխանությունների հանդեպ: Երկրորդ` նա ասաց նաև, որ Հայաստանն, այնուամենայնիվ, կարող է դիմել ծրագրին, բայց դրա համար լուրջ բարեփոխումներ են պետք: Այս մասով շատ հուսադրող հայտարարություն էր: Մենք բարեփոխումներ անելու կարիք իսկապես ունենք, քանի որ «Հազարամյակի մարտահրավերները» իսկապես ակտիվ աշխատում է: Վրաստանը արդեն երկրորդ անգամ է դիմում: Այն 70 մլն դոլարը, որ նախատեսված էր Հայաստանի համար, փաստորեն փոխանցվել է Վրաստանին` ճանապարհների շինարարության համար: Երկրորդ կարևոր փաստաթուղթը մարդու իրավունքների մասին Պետդեպարտամենտի հրապարակած ամենամյա զեկույցն է: Հերթական անգամ նշվում է, որ կեղծված ընտրությունների արդյունքում մենք ունեցանք այս իշխանությունը, որ որևէ փոփոխություն Հայաստանում չի եղել, և այն հավաստիացումները, որ իշխանությունները տալիս էին` ներքին խնդիրները հարթելու առումով, իրատեսական չեն: Այս փաստաթղթում խոսք է գնում նաև Մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածության մասին: Մեզ համար նորությունն այն է, որ այս փաստը սկսում են նշել նաև մեր արևմտյան գործընկերները: Երրորդը` համազեկուցողների հայտարարությունն է: Այն կրկնում է երկու շաբաթ առաջ արած իրենց հայտարարությունը` բացի մեկ պարբերությունից: Այդ պարբերությունը շատ կարևոր հարված հասցրեց իշխանություններին: Ամենահետաքրքրականն այն է, որ դրան ոչ մի անդրադարձ չի եղել իշխանությունների կողմից: Նրանք ասում են, որ եթե բարեփոխումները ուշացվեն և հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ծանրացող իրավիճակը` հնարավոր են սոցիալական խռովություններ: Եթե միջազգային ատյանի կողմից հայտարարություն արվեր որևէ նորմալ երկրում, դա անմիջապես կարժանանար համարժեք պատասխանի. իրեն հարգող իշխանությունը պետք է սաստի նման բան ասողներին: Բայց օրեր առաջ Նաիրա Զոհրաբյանը և Դավիթ Հարությունյանը հավաստեցին, որ դա սպասված հայտարարություն էր: Այսինքն` իշխանությունները սպասում են ընդվզումների, խռովության:


– Դուք որևէ կապ տեսնո՞ւմ եք այս փաստաթղթերի ընդունման և աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետ, որոնք սկսվեցին Թունիսում և դեռ շարունակվում են արաբական աշխարհում:


– Միջազգային որոշ կենտրոնների գնահատականների վրա այդ իրադարձությունները որոշակի ազդեցություն թողել են: Իրականում ավելի մեծ նշանակություն ունի այն, ինչ կատարվում է Հայաստանի ներսում. այն, որ իշխանությունները շարունակում են ճնշումները ժողովրդավարության վրա, շարունակվում է քաղաքական ճգնաժամը Հայաստանում, ՀԱԿ-ի հանրահավաքները ավելի մարդաշատ են: Նման գնահատականներով նաև ուղերձ է հղվում իշխանություններին, որ խելքի գան, կարգավորեն ներքաղաքական կյանքը թունավորող խնդիրները, մասնավորապես քաղբանտարկյալների հարցը, Մարտի 1-ի բացահայտման հարցը: Առանց այս խնդիրների լուծման Հայաստանում հանգստություն չի լինի:


– Մշտապես տեսակետ է հնչել, որ այս իշխանությունները վստահություն չեն վայելում ներքաղաքական կյանքում և իրենց կենսունակությունն ու վերարտադրությունը պայմանավորում են արտաքին աջակցությամբ: Միջազգային հանրության վերաբերմունքի այս փոփոխությունն արդյո՞ք վկայում է, որ Մարտի 1-ի նման նոր իրադարձություններ լինելու դեպքում իշխանությունները չեն կրակի սեփական ժողովրդի վրա:


– Կարճ պատասխանն է` այո: 2008-ին իշխանությունը եթե հզոր աջակցություն ուներ նախագահական ընտրություններից առաջ, երբ Սերժ Սարգսյանը ներկայացվում էր որպես ռեֆորմացիայի լիդեր, ապա այսօր բոլորի համար պարզ է, որ Սերժ Սարգսյանը չի կարող որևէ հարց լուծել: Ավելին` տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված կենտրոնները տեսնում են, որ Հայաստանը տանուլ է տալիս, թուրքական գործոնը գնալով հզորանում է, հայ-ադրբեջանական հարաբերությունները ավելի անհավասար են դառնում: Այսօր կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը կորցրել է Արևմուտքի աջակցությունը: Այսօր իշխանությունը չի կարող բռնությունների դիմել, դա բացառվում է, քանի որ զրկվել է միջազգային հանրության աջակցությունից:


– Լեռնային Ղարաբաղի հարցում երկու կողմերի հռետորաբանությունը ինչպե՞ս եք գնահատում` Սոչիում կայացած նախագահների վերջին հանդիպումից հետո:


– Հայաստանին լուրջ հարված է հասցրել փաստահավաք խմբի զեկույցը, որը կազմել էին ԵԱՀԿ համանախագահները : Ես մտավախություն ունեմ, որ Ադրբեջանը փորձելու է օգտագործել այդ փաստաթղթի ձևակերպումները նաև միջազգային այլ փաստաթղթերում: Քանի դեռ միջազգային ատյաններում Ադրբեջանը հաջողություն ունի, չի դիմի ռազմական գործողությունների: Բայց այդ ժամանակաշրջանը շատ կարճ է, և շատ հնարավոր է` կես տարվա ընթացքում այդ փաստաթղթերն ամբողջացվեն: Ստեփանակերտի օդանավակայանը, որի շուրջ այդքան քննարկումներ եղան, պետք է բացվի, Սերժ Սարգսյանը պետք է առաջին ուղևորը լինի նշված ժամկետներում, դա շատ կարևոր ուղերձ է թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը:


– ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքից ի՞նչ սպասելիքներ ու կանխատեսումներ ունեք:


– Լինելու է բազմամարդ հանրահավաք: Այն սկսվելու է Մատենադարանի մոտ և վերջանալու է այնտեղ, որտեղ կորոշի ՀԱԿ-ը. մենք մի քանի ուղղություններ ունենք: Դեռևս ժամանակ կա մինչ հանրահավաքը, և ես հույս ունեմ, որ իշխանությունները խոհուն կգտնվեն` կկատարեն երեք պահանջները, և ՀԱԿ-ը ստիպված չի լինի կտրուկ փոխել մարտավարությունը:

  • Դիտումներ՝ *