Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» և ՀՀ ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածն ուժը կորցրած է ճանաչվելու, իսկ այդ հոդվածով սահմանված հարաբերությունները կարգավորվելու են «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա իշխանության քաղաքական բարեփոխումների կարևորագույն օրենսդրական նախաձեռնություներից է։
«Մենք` 500 պաշտոնատար անձինք, պարտավոր ենք լինելու այս օրենքն ընդունվելուց հետո ներկայացնել հրապարակային հայտարարագրեր և ենթարկվել հասարակության վերահսկողությանը։ Պաշտոնատար անձանց գործունեությունը լինելու է խիստ հրապարակային, թափանցիկ, բնականաբար, նվազելու են կոռուպցիոն ռիսկերը։ Դրականը նաև այն է, որ հազարավոր հայտարարագրերը, որ լրացնում էինք, և որոնք վերաբերում էին նաև միջին մակարդակի պետական չինովնիկներին, ըստ էության որևիցե քաղաքական բովանդակություն չունեին։
Այս օրենքով մենք կենտրոնանում ենք հենց 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի վրա։ Կարևոր է նաև, որ նախագիծը մանրակրկիտ քննարկվել է Համաշխարհային բանկի, մի քանի փուլ` Եվրամիության փորձագետների հետ, որոնց առաջարկով հրաժարվել ենք ծանր կառույց ստեղծելու գաղափարից, որովհետև ի վիճակի չէինք լինելու այս հայեցակարգը ներդնել և արդյունավետություն ապահովել։
Ցավոք սրտի, քվորումի բացակայության պատճառով այս նախագիծն Ազգային ժողովի կողմից չի ընդունվել, բայց մենք վստահ ենք, որ պատգամավորները մեզ կաջակցեն և այս կարևորագույն բարեփոխումը կիրականացնենք։ Սա ոչ միայն հակակոռուպցիոն, այլև առաջին հերթին քաղաքական բովանդակություն ունի, և մենք նոր ընտրությունները պետք է դիմավորենք ունենալով այս օրենքը, որովհետև սա նաև զսպաշապիկ է լինելու շատերի համար, որոնք ծանոթանալով, թե ինչպիսի հրապարակայնություն է ենթադրվում, չեն ձգտի զբաղեցնել այն պաշտոնները, որոնց նկատմամբ հիմա բոլորը մեծ ձգտումներ ունեն»,- ասել է վարչապետը։











































