Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանին.
«Մենք ակնդետ հետևում ենք Մեծամորի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք հասկանում ենք Մեծամորի ատոմակայանի անվտանգության շուրջ Հայաստանի հարևաններ Թուրքիայի ու Ադրբեջանի մտահոգությունները:
Սակայն ներկայումս ՄԱԳԱՏԷ-ն դեռ պատրաստ չէ իր տեսակետը հայտնել տվյալ խնդրի շուրջ, քանի որ նոր է ուսումնասիրում իրավիճակը և հետևում դրա զարգացումներին: Այսօրվա դրությամբ ՄԱԳԱՏԷ-ն չունի Հայաստանի ատոմակայանի մասին հատուկ զեկույց:
Բացի այդ, մեր ներկայիս օրակարգում դրված չէ այդպիսի զեկույցի նախապատրաստման հարցը: Այնուամենայնիվ, դա այն խնդիրներից մեկն է, որի շուրջ զարգացումներին մենք ուշադիր հետևում ենք»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրք-ադրբեջանական կողմը լայնածավալ կամպանիա է ձեռնարկել իրենց իսկ բնորոշմամբ «Եվրոպայի ամենավտանգավոր ատոմակայան» հանդիսացող «Հայկական Չեռնոբիլի» փակման համար: