«Սա երկխոսություն է, ընդդիմությունն ու իշխանությունը փորձում են միմյանց հետ հարաբերվել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հանձնարարականին` նոր թափ հաղորդել 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, կարծիք հայտնեց փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:
Հարությունյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանի որոշումը կախված չէ միայն ընդդիմության գործունեությունից, այլ նաև իշխանությունն է գիտակցում, որ երկիր է կառավարում և պետք է տարբեր քաղաքական ուժերի միջև հավասարակշռություն ստեղծի.
«Եթե ընդառաջ գնալու նշան է ցույց տալիս, ապա դա շատ դրական քայլ է: Թող անի, Մարտի 1-ի բացահայտումը հրամայական է,- դա ոչ մեկի քմահաճույքի առարկան չէ,- և եթե երկիրը չբացահայտեց մարտի 1-ը, ինքը չի կարող առաջ գնալ, ինչպես նաև հոկտեմբերի 27-ը: Դա մնում է երկրի պատմության մեջ և բումերանգի պես վերադառնում է»:
Հարությունյանի գնահատմամբ, պետք է սպասել զարգացումներին, քանզի մի խորհրդակցությունը դեռևս շատ քիչ է. «Մարտի 1-ի մեղավորները չեն թողնելու, որ Սերժ Սարգսյանի ձեռքերն ազատ լինեն, դրանք շատ ծանր խնդիրներ են»: