«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով նախագահ Սերժ Սարգսյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը անցած ուրբաթ օրը՝ երեկոյան հանդիպել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Էլեն» ռեստորանում: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը տևել է 4 ժամ:
Թեև առայժմ չի հաջողվել պարզել նրանց զրույցի մանրամասները, սակայն չի բացառվում, որ հիմնական թեման եղել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները: Հայտնի է, որ Գ. Բեգլարյանը ցանկանում էր գլխավորել Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ-ի ցուցակը և կրկին դառնալ Երևանի քաղաքապետ, սակայն Ս. Սարգսյանն առաջադրեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Այժմ Սերժ Սարգսյանը հավանաբար ցանկանում է, որ Գ. Բեգլարյանը Երևանի կենտրոնում իր ազդեցության տակ գտնվող թաղային հեղինակություններով ու լծակներով ոչ միայն չխանգարի ավագանու ընտրություններին, այլև Կենտրոն համայնքից ընտրված պատգամավոր Ռ. Սադոյանի հետ միասին ՀՀԿ-ին օգնի նորից մեծամասնություն ստանալ: Իշխանությունները գիտակցում են, որ այս ընտրությունները թեժ են լինելու, քանի որ մասնակցելու են քաղաքական բոլոր հիմնական ուժերը: