Banks.am-ի փոխանցմամբ՝ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Գեոթիմ ընկերության մայրական կառույց Lydian International-ը հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ ընկերության տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին:
Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ, իսկ մինչ այդ՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան:
2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Անգլիայում և Եվրասիայում:
Արմեն Սարգսյանը նաև հանդիսանում է Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահը, որի նպատակն է երկխոսության և համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական և բիզնես առաջնորդների միջև:
Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական, ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն և Bank of America Merrill Lynch-ը:
«Lydian-ն ուրախ է, որ Սարգսյանը միացել է մեր թիմին: Սարգսյանն ունի հարուստ փորձ և մեծ հեղինակություն է վայելում Հայաստանում և միջազգային ասպարեզում: Իր գիտելիքներն ու իմաստությունը խիստ օգտակար կլինեն Ամուլսարի նախագիծը միջազգային դասի ոսկի արտադրող դարձնելու համար», – ասել է Lydian International-ի նախագահ Գորդոն Վայլին: