2008թ. իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանի նկատմամբ միջազգային հանրության կողմից դրսևորած «լոյալության» թեման բավական քննարկվել և վերլուծվել է: Եվ գրեթե միշտ այս հարցի հետ միասին դիտարկվել է ղարաբաղյան հիմնախնդիրը` որպես նրան «հանդուրժելու» հիմնական, եթե ոչ` միակ պատճառներից մեկը:
Մշտապես, երբ առաջ է գալիս հարցը, թե Հայաստանում ժողովրդավարության համար մղվող պայքարի հարցում ինչո՞ւ է Արևմուտքը հաճախ աչք փակում մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ կոպիտ խախտումների վրա, ինչո՞ւ ադեկվատ սկզբունքայնություն չի դրսևորում և ինչո՞ւ է հանդուրժում Ս.Սարգսյանին, այս հարցերին պատասխանելիս Ս.Սարգսյանի «թույլ», «ոչ լեգիտիմ» նախագահ լինելը մատնացույց է արվում և անմիջապես որպես կարևորագույն խնդիր նշվում է ղարաբաղյան կարգավորումը:
Այսօր պատեհ առիթ է դիտարկել ևս մեկ հարց. իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի ինչպիսի՞ նախագահ է ձեռնտու` լեգիտիմ, հասարակության վստահությունը վայելող, միջազգային հանրության հետ հավասարը հավասարի հետ հարաբերվող լիդե՞ր, թե՞ Ս.Սարգսյանի նման խոցելի նախագահ… Այս հարցի պատասխանը ստանալու համար արժե դիտարկել վերջերս տեղի ունեցած մի ուշագրավ փաստ: Ապրիլի 8-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից հետո մի քանի օր անց Ադրբեջանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն առաջին հայացքից կարող է չկապվել հայաստանյան ներքաղաքական գործընթացների հետ:
Այսպես` Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 8-ի հանրահավաքում նշեց.«…Պայմանավորվեցինք նաև, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, և մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով` երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենևին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։ Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որևէ լուրջ խառնակությունից»։
Այս հայտարարությունից մի քանի օր անց` ապրիլի 14-ին, ճիշտ նույն օրը, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում ավարտեցին տարածաշրջանային այցը և տարածեցին ամփոփիչ հայտարարություն, որտեղ նշել էին, թե ժամանակն է` հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնել և հաստատել ու առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի նախագիծ մշակելու ուղղությամբ, ադրբեջանական լրատվամիջոցները այդ օրը հաղորդեցին, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավելի քան մեկ տասնյակ ռմբակոծիչներ և ուղղաթիռներ զորավարժություններ են անցկացնում «սահմանամերձ գոտում»: Ադրբեջանի Պնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հաստատել էր զորավարժությունների փաստը և հայտնել, որ դրանց անձամբ հետևում է նախարար Սաֆար Աբիևը: Վերջինս այցելել էր «ճակատամերձ գոտու» զորամասեր և ծանոթացել դրանց մարտական պատրաստությանը: Ադրբեջանական գործակալությունները հայտնեցին, որ Աղդամի, Թերթերի և Բարդայի շրջաններում վարժական թռիչքներն իրականացնում են 6-7 կործանիչներ և 8-10 մարտական ուղղաթիռներ: Այսինքն` Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և ՀՕՊ ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15 կմ խորության վրա։ Այդ օրը նույնիսկ ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը հայտարարեց, թե ԼՂ օդային սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն համարժեք պատասխան է ստանալու:
Ի՞նչ եք կարծում` պատահականությո՞ւն էր Ադրբեջանի նման պահվածքը… Չէ՞ որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այդ օրը տարածել էին բավական խիստ, ոչ հայանպաստ հայտարարություն` մասնավորապես շեշտելով. «Համանախագահներին մտահոգություն է պատճառում այն, որ ԼՂ-ում օդանավակայանի ծրագրված բացումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրման։ Համանախագահները նախազգուշացրել են, որ դեպի ԼՂ և ԼՂ-ից դուրս թռիչքների իրականացումը չի կարող օգտագործվել որպես միջազգային օրենքներով ԼՂ-ի ներկայիս կարգավիճակի փոփոխմանը նպաստող հանգամանք»։ Եվ անգամ այս պայմաններում Ադրբեջանը նման մասշտաբի զորավարժություններ անցկացրեց «սահմանամերձ գոտում»:
Խնդիրն այն է, որ հարևան Ադբեջանին, ավելի ճիշտ` Ի.Ալիևին, Սերժ Սարգսյանի նման ՙթույլ՚ նախագահ է պետք, և նրա դեմ ծավալվող ընդդիմադիր շարժման ցանկացած հաջողություն, որքան էլ տարօրինակ հնչի, ինչ-որ առումով սպառնալիք է նաև Ի.Ալիևի իշխանությանը, մի իշխանություն, որը Ս.Սարգսյանի հետ բանակցում և հանդես է գալիս ուժի դիրքերից:
Էմմա Գաբրիելյան
«Ժամանակ» օրաթերթ










































