«Ցանկացած ցեղասպանություն, որը ժխտվում է և չի ճանաչվում, առիթ է ստեղծում նոր ցեղասպանությունների համար: Ի վերջո, արդարությունից և մարդու իրավունքներից է բխում այն հանգամանքը, որ ցանկացած ցեղասպանություն պետք է ճանաչվի»,- անդրադառնալով Հայոց Ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը` կարծիք հայտնեց հայ-բրիտանական պատգամավորական խմբի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Քոքսը նկատեց, որ Թուրքիայի իր գործընկերեները ևս ցանկանում են, որ կառավարությունն ընդունի Հայոց Ցեղասպանությունը, քանզի շարունակ ստի մեջ ապրելն անընդունելի է: Բարոնուհին նաև հիշեցրեց, որ մարդիկ, ովքեր Թուրքիայում խոսում են Հայով Ցեղասպանության մասին, շատ թան գին են վճարում, անգամ իրենց կյանքով են հատուցում, ինչպես եղավ Հրանտ Դինքի հետ:
«Կարծում եմ, որ շատ վատ է, երբ երկրի ղեկավարությունն ապրում է ճշմարտությունն ասելու վախի մեջ»,- եզրափակեց բորոնուհի Քոքսը:
Պատգամավորական խմբի անդամ, բարոնուհի Հոլինսն էլ հավելեց, որ ինքը որպես հոգեբան գիտի, որ ճշմարտությանը դեմ կանգնելը հեշտ բան չէ, ու իր կարծիքով` և՛ երիտասարդ թուրքերը, և՛ միջազգային հանրությունը պիտի սկսեն մի շարժում, որպեսզի կարողանան հաղթահարել սուտը. «Մենք, որպես պատգամավորներ, երբ վերադառնանք Բրիտանիա, մեր գործընկերներին կպատմենք այն ամենի մասին, ինչ տեսել ենք»: