Երեկ Սիրիայի իշխանությունները լրացուցիչ զինտեխնիկա են մտցրել երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաք, որտեղ արդեն մի քանի օր է՝ չեն դադարում կատաղի բախումներն իշխանությունների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով տեղի իրավապաշտպան կազմակերպություններին:
Գործակալությանը տված հարցազրույցում իրավապաշտպաններից մեկը նշել է, որ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները զինված շրջում են Հոմս քաղաքում: Հոմսի բնակիչներն էլ իրենց հերթին փողոցներում կազմակերպել են հսկողություն, որպեսզի կարողանան կանխարգելել Բաշար Ալ-Ասադի զինված կողմնակիցների կողմից իրականացվող սադրանքները: «Իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- նշել է Reuters-ի զրուցակիցը ` հավելելով, որ ապրիլի 21-ին Հոմսում նախանշված են բողոքի նոր ակցիաներ:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սուր քննադատության է ենթարկել Սիրիայի իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ կիրառելու համար: Նրա խոսքերով` «Դամասկոսը պետք է դադարեցնի անօրինական ձերբակալությունները, բերման ենթարկելը և բռնություններն ու խոսշտանգումները»:











































