«Ապրիլի 24, 2015» պողոտան անցնում է Մարսելի թաղամասերից մեկով, որտեղ շատ տեղական բիզնեսների անվանումներ մատնում են իրենց հայկական ծագումը։ Ֆրանսիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի այս շրջանը հայտնի է որպես «Փոքր Հայաստան»։ Պողոտայի անվանումը ծագում է ամսաթվից և տարեթվից, երբ Օսմանյան կայսրությունում սկսվեց Ցեղասպանություն՝ ինչպես դա անվանում են շատ պատմաբաններ և աճող թվով երկրներ։ Այս մասին Irish Independent-ում գրում է Մերի Ֆիցջերալդը։
Այս տարվա ապրիլի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկ դար առաջ հայերի սպանությունը բնութագրել է որպես պատմության այդ փուլում «աննախադեպ՝ ծավալով և հետևանքներով»։ «Շուրջ 1.5 մլն մարդիկ կոտորվեցին պարզապես հայ լինելու համար»,- ասել է նա։
Ավելանում է երկրների թիվը, որոնք աջակցում են Հայաստանի դիրքորոշմանն առ այն, որ այն պարզապես Ցեղասպանություն է եղել։ Թուրքիան վիճարկում է՝ ասելով, որ զանգվածային սպանությունները դաժան պատերազմի ողբերգական գլուխ են եղել, բայց ոչ ծրագրված Ցեղասպանություն։
Այս տարվա ապրիլին Ֆրանցիսկոս պապը դիվանագիտական սկանդալ առաջացրեց՝ անվանելով սպանդը «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն», ինչի արդյունքում Թուրքիան մեղադրեց նրան ատելություն հրահրելու մեջ։
100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում հայկական ծիսակարգով պատարագին Ֆրանցիսկոսը դարձել է Կաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետը, ով հրապարակայնորեն օգտագործել է Ցեղասպանություն բառը։
1915-ի կոտորածի հետ զուգորդված աքսորը պատճառ է դարձել, որ հայերը ցրվեն աշխարհով մեկ՝դառնալով աշխարհի խոշորագույն սփյուռքներից մեկը, որում հաշվվում է ավելի քան 10 մլն մարդ։
Երկրները, որոնցում կենտրանացած են առավել մեծ թվով հայեր, այդ թվում Ֆրանսիան, որն ունի աշխարհում երրորդ ամենամեծ հայ բնակչությունը, հակված են լինելու ավելի կարեկից զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն բնութագրելու կոչին։
Ապրիլին Երևանում հիշատակի խոսքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել էր, որ Ֆրանսիայում 2001 թվականին անցկացված օրենքը, որը ճանաչում է դա որպես Ցեղասպանություն, «ճշմարտության ակտ» էր։ «Ժխտումը կտանի ջարդերի կրկնության»,- ասել էր նա։
Մարսելում այդ ժամանակվա հիշողությունը պահպանված է քարե հուշարձանի տեսքով և 80 հազար տեղի հայերի կյանքերում։ Քաղաքում կա 8 հայկական եկեղեցի, մեկ տաճար և երկլեզու դպրոց։ Հայկական համայնքը Մարսելում և Ֆրանսիայում թվագրվում է 1915-ից առաջ, սակայն մեծամասնությունն այնտեղ է ուղևորվել սպանդից հետո։
Մինչդեռ Եվրոպան բախվում է բռնությունից և հետապնդումներից փախչող փախստականների զանգվածային հոսքի խնդրին, մինչդեռ քսենոֆոբիան ներսում գլուխ է բարձրացնում, թերևս լավ կլինի հիշել ժամանակը, երբ հուսահատ հայերն այստեղ ապաստան էին փնտրում և ստանում։