Իրանից Եգիպտոս ժամանած զբոսաշրջային խմբերին արգելված է այցելել Կահիրե. իրանցիները կարող են տեսնել միայն Եգիպտոսի հարավային տեսարժան վայրերը կամ հանգստանալ Կարմիր ծովի զբոսաշրջային գոտիներում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է հյուպատոսական հարցերով Եգիպտոսի արտգործնախարարի օգնական Ալի Ալ-Աշիրին:
Իրանցիների հանդեպ նման սահմանափակումների պատճառն այն է, որ Եգիպտոսի իշխանությունները մտավախություն ունեն, թե կարող է «լարվածություն» առաջանալ շիա իրանցիների և եգիպտացիների միջև, որոնց մեծ մասը սունիներ են: Այս ծրագիրը մեկնաբանվում է հետևյալ կերպ. Եգիպտոսի մայրաքաղաքում կան շիական շատ սրբավայրեր, և իրանցիների ուխտագնացությունն այդ վայրեր, Եգիպտոսի իշխանությունների կարծիքով, կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:
Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` իրանցիները Եգիպտոս կարող են մեկնել 50-100 մարդկանցից բաղկացած խմբերով: Նրանք կարող են այցելել Լուքսոր, Ասուան, Հուրգադա, Շարմ Էլ-Շեյխ:
Նույն պայմանները տարածվում են նաև Իրաքից Եգիպտոս եկած զբոսաշրջիկների վրա:











































