Եվրամիությունը մի շարք խախտումներ է բացահայտել Վրաստանում ընդունված «Համաներման մասին» օրենքում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին ասվում է ԵՄ-ի հրապարակած՝ Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման մասին հաշվետվությունում:
«Համաներման մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2012թ. դեկտեմբերի 21-ին: Դեկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո է դրել օրենքի մի մասի վրա, որոնք վերաբերում էին քաղբանտարկյալներին և անչափահասների հանդեպ հանցագործություններ կատարածներին: Սակայն հաջորդ օրը օրենսդիր մարմինը հաղթահարել է նախագահի վետոն, որից հետո օրենքը ստորագրվել է երկրի խորհրդարանի նախագահի կողմից և ուժի մեջ մտել հունվարի 13-ին: Օրենքի հիման վրա Վրաստանի ուղղիչ հաստատություններից ազատ է արձակվել 8503 բանտարկյալ:
Հաշվետվության մեջ նշվում է, որ այս գործընթացում մի շարք խախտումներ են թույլ տրվել, մասնավորապես՝ Վրաստանի խորհրդարանը այս գործընթացում չի ներառել դատական ղեկավարությանը, որը պետք է որոշեր՝ արդյոք այդ մարդիկ իրականում քաղբանտարկյալնե՞ր են: Բացի այդ՝ «Համաներման մասին» օրենքը ընդունելիս չեն խորհրդակցել Վիեննայի հանձնաժողովի հետ:
«Համաներման մասին» օրենքը խախտում է մի քանի հիմնական սկզբունքներ, մասնավորապես՝ օրինականությունը (այդ թվում՝ թափանցիկությունը), խտրականության անթույլատրելիությունը և օրենքի առջև հավասարությունը»,- ասվում է հաշվետվության մեջ:











































