ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարել է, որ պատրաստ է իր բիզնեսները տալ նրանց, ովքեր ցույց կտան այդ բիզնեսները, ցույց կտան, որ ինքը բիզնես ունի: Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցից հետո Վարդան Այվազյանն, անշուշտ, կհայտարարի այդպես, որովհետև Սերժ Սարգսյանը նրան և նրա գործընկեր բիզնեսմեն պատգամավորներին, ըստ էության, տվեց այդ իրավունքը, իսկ ամերիկյան դատարանի որոշումները Հայաստանի տարածքում, ցավոք սրտի, չեն գործում, որ Վարդան Այվազյանը ստիպված լիներ վճարել այն 35 միլիոն դոլարը, որ Նյու Յորքի դատարանը որպես տուգանք սահմանել էր նրա համար՝ «Գեո Պրոմ Մայնինգ» ընկերության հայցի հիման վրա:
Որևէ օրինավոր երկրում Վարդան Այվազյանն արդեն առնվազն ստիպված կլիներ վայր դնել պատգամավորական մանդատը, եթե չասենք, որ նա ստիպված կլիներ որոշ բացատրություններ տալ դատարանում: Սերժ Սարգսյանի հարցազրույցից ու հայտարարություններից հետո հայկական օլիգարխիան, ինչպես երևում է, թեթևացած շունչ է քաշել: Բայց երևի թե իզուր:
Մոսկվայի «Միաբանություն» հայկական ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը հայտարարել է, որ Հայաստանում օլիգարխիական իշխանություն է, և Սերժ Սարգսյանը պարտավոր է քանդել այդ իշխանությունը: Կրեմլը կարծես թե սկսել է հայկական օլիգարխիան դիտարկել որպես իր հայաստանյան քաղաքականության խոչընդոտ: Մոսկվայում երևի հասկացել են, որ քանի դեռ հենվելու են հայաստանյան օլիգարխիայի, օդիոզ և ցինիկ բիզնեսմենների վրա, որոնք յուրացրել են իշխանությունն ու կապիտալը, կորցնելու են շարունակաբար, անշրջելիորեն, և ռուսական քաղաքականությունը Հայաստանում չի ունենալու ոչ մի շանս:
Ինչքան Հայաստանում իրենց լավ են զգում օլիգարխները, այնքան ավելի անհարմար և անհեռանկար են դառնում Ռուսաստանի դիրքերը, այնքան ավելի ու ավելի է հայկական պետականության ու հասարակական շահի գլխավոր խոչընդոտ ճանաչվում Ռուսաստանը, որը տարիներ շարունակ օլիգարխիկ համակարգի հովանավորն ու տանիքն էր:
Մոսկվայում չէին կարող այս պարզ իրողությունը չհասկանալ՝ հատկապես տեսնելով 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: Կրեմլը, ամենայն հավանականությամբ, որոշել է Եվրոպայի, Արևմուտքի հետ մրցակցել Հայաստանի օլիգարխիկ տնտեսա-քաղաքական համակարգը ըստ էության կազմաքանդելու հարցում, իսկ դա նշանակում է, որ հայկական օլիգարխիայի համար ապահով լինելու ոչ մի առիթ կամ պատճառ չկա՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցից բացի: Իսկ հարցազրույցը շատ քիչ է՝ ապահով զգալու համար:
Այնպես որ՝ Վարդան Այվազյանին և ընկերներին միգուցե արժե ավելի քիչ խոսել և ավելի շատ խորհել ապագայի մասին, իսկ բիզնեսները ոչ թե նվիրել աջ ու ձախ, այլ միգուցե փոխանակել՝ չոր հացի հետ:
Լուսանկարը՝ emedia.am-ի








































