ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարծում է, որ Վրաստանի խորհրդարանի որոշումը չի նպաստում տարածաշրջանում կայունություն ամրապնդելուն և 21-րդ դարին հատուկ քաղաքակիրթ մեթոդներով բանակցություններով հարցերը լուծելուն:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը չեղյալ է հայտարարել 2006-ին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում էր արտերկրում գտնվող ռուսաստանյան ռազմակայանների անձնակազմի և ռազմական բեռների` Վրաստանի տարածքով փոխադրումը:
Սահակյանի խոսքերով, Վրաստանն անկախ, ինքնուրույն երկիր է, ինքնուրույն է կայացնում իր որոշումները, սակայն պետք է հաշվի առնի նաև մյուսների շահերը: «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի միջավայրում, որտեղ միայն քո խորհրդարանով, քո երկրով չեն որոշվում գլոբալ խնդիրները, մանավանդ նրանք, որոնք ուղղված չեն միայն քո տարածքին:
Իհարկե, բացասական միտում կա, և հետագայում տարածաշրջանում իրավիճակը գուցե վատանա»,- ասաց Սահակյանը: Ըստ նրա՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանը բավական տուժեց, երբ փակվեցին ճանապարհները: Նա կարծում է, որ այս որոշումը կազդի ՀՀ-ի վրա: