«Արևելք» պարբերականը տպագրել է բացառիկ հարցազրույց Մեծ Բրիտանիայում Պաղեստինի հայազգի դեսպան Մանուել Հասեսյանի հետ։
«Առաջիկա ամիսներին Երևանում Պաղեստինի դեսպանատուն պիտի բացվի»,- ասել է դեսպանը՝ ավելացնելով, որ ինքը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից հատուկ հանձնարարություն է ստացել՝ վերակազմակերպելու Պաղեստինի և Հայաստանի միջև հարաբերությունները, և դեսպանատան բացումը այդ աշխատանքների պսակը պիտի լինի:
Անդրադառնալով Պաղեստին-Հայաստան հարաբերություններին՝ Հասեսյանը նշել է, որ Պաղեստինը այն երկրներից է, որտեղ հայերը երբեք իրենց օտար չեն զգացել: Դեսպանը նաև խոսել է հայ-արաբական հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ արաբական պետությունները, որոնց թվում և Պաղեստինը, Ցեղասպանությունից ճողոպրած հայերին ընդունել են գրկաբաց, ու հայերը հաջողել են արաբական երկիրներում նոր արմատներ ձգել: Դեսպանը նաև ասել է, որ ներկա պահին Պաղեստինի կառավարության կամ խորհրդարանի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման հարց ընդգրկված չէ:
Պատասխանելով վերջերս Եվրոպայում սկիզբ առած՝ Պաղեստին պետության ճանաչման մասին հարցին` դեսպան Հասեսյանն ասել է, թե հեռու չէ այն օրը, երբ եվրոպական բոլոր երկրները կճանաչեն Պաղեստինը:
Դեսպանը նաև անդրադարձել է Պաղեստին-Թուրքիա հարաբերություններին և նշել, որ դրանք բնական, սակայն խորքային հարաբերություններ չեն, և այդ առումով ինքը քանիցս նախագահ Մահմուդ Աբասին ասել է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն չափավոր ու տրամաբանված: Դեսպանը հատկապես քննադատել է Թուրքիայի կառավարությանը «Համաս»-ին տրված զորակցության համար: Հասեսյանը խստիվ դատապարտել է նաև Իսրայելի մոտեցումները` բառացիորեն ասելով. «Իսրայելը այս ընթացքով իր վախճանի սկիզբն է դնում»:
Նշենք, որ դեսպան Հասեսյանը ակադեմիական գործիչ է, նա հրապարակել է Պաղեստինյան դատին նվիրված տասնյակ հատորներ ու հոդվածներ: Դեսպանը նաև դասախոսում է ամերիկյան մի շարք համալսարաններում: Այս տարվա մարտ ամսին նա արժանացել է հաջող գործունեություն ծավալած դեսպանների Grassroot Diplomat հատուկ մրցանակին: