Հանգուցյալ երգչուհի Էմի Ուայնհաուսի հայրը ավստրալական հեռուստաշոուներից մեկում հարցազրույցի ժամանակ քննադատել է դստեր մասին ֆիլմը՝ գրում է Independent-ը։
Միտչ Ուայնհաուսի խոսքով՝ Ասիֆ Կապադիայի ֆիլմում անարդարացիորեն հաստատվում է, որ մահվանից առաջ Ուայնհաուսը եղել է միայնակ և ապերջանիկ։
«Այդ ֆիլմի հետ ամեն ինչ այն չէ։ Ընտանիքին այն չի գոհացնում, Էմիի երկրպագուներին՝ նույնպես։ Նա Ռեգի հետ էր, նրանք պատրաստվում էին ամուսնանալ։ Չէի ուզում ասել, սակայն նա նույնիսկ մտածում էր, որ հղի է։ Հաստատել, թե դուստրս միայնակ էր՝ հանցագործություն է»,- ասել է Ուայնհաուսը՝ նկատի ունենալով, որ դուստրը ընկեր ուներ՝ բրիտանացի ռեժիսոր Ռեգ Տրեվիսը։
Ուայնհաուսի հայրը նաև հերքել է ենթադրությունը, թե դստեր վրա ազդել է ծնողների ամուսնալուծությունը։ «Չեմ կարծում, թե դա եղել է այնքան կարևոր ու տրավմատիկ»,- հավելել է նա։
Էմի Ուայնհաուսը մահացել է 27 տարեկանում՝ 2011 թվականին, ալկոհոլային թունավորման հետևանքով։










































