Ռուսական RBC կայքի հաղորդմամբ, այսօր առավոտից Թբիլիսիում «կեղտոտ» անձրև է տեղում: Դրա արդյունքում քաղաքացիների հագուստների ու անձրևանոցների վրա առաջացել են մոխրաբեժ գույնի կեղտահետքեր, իսկ ավտոմեքենաների վրա՝ ավազի շերտ:
Օդերևութաբանների նախնական տեղեկություններով, «կեղտոտ» անձրևի բաղադրատարրեր են հանդիսանում փոշին ու ավազը: Սա առաջացել է հյուսիսից Վրաստան ներթափանցած սառը հոսանքների և հարավից ներթափանցած աղտոտված հոսանքների միահյուսման արդյունքում:
Այժմ մասնագետները պարզում են՝ արդյո՞ք «կեղտոտ» անձրևն իր մեջ պարունակում է վնասակար նյութեր: Օդերևութաբանների կարծիքով, Թբիլիսիում այդ անձրևը կշարունակվի նվազագույնը ևս երկու օր:
Հիշեցնենք, որ նմանատիպ անձրևներ Ադրբեջանում տեղացել էին ապրիլի 5-ին և 13-ին: