Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարչակազմը պատրաստ է ամեն միջոցի` իշխանության մնալու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-1997թթ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, այժմ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը


– Պարոն Լիպարիտյան, արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները կարծես ստիպում են նոր լույսի ներքո քննարկել ներքաղաքական խնդիրները մեր երկրներում: Այդ իրադարձությունները կարո՞ղ են որևէ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի երկրների վրա:


– Չեմ կարծում: Հնարավոր է, որ ընդհանուր տրամադրություններ են փոխվել: Այստեղ երեք ուժ կա, որի հետ պետք է հաշվի նստել` Հարավային Կովկասի երկրների իշխանությունները, ընդդիմությունը և արտաքին աշխարհը: Յուրաքանչյուրը իր հաշվարկն ունի և իր շահը: Արտաքին ուժերը` Միացյալ Նահանգները, համարում են, որ պետք է տուրք տալ ընդդիմությանը, որ եթե հանկարծ ընդդիմությունը հաջողության հասնի` իրենք հակաժողովրդական ու թշնամի չնկատվեն: Սա դասերից մեկն է, որ քաղել են արաբական աշխարհից:


Երկրորդը` այն բոլոր իշխանությունները, ռեժիմները, որոնք երեք ամիս առաջ ուժեղ և անկոտրում էին թվում, հանկարծ նկատեցին, որ դա այդպես չէ: Բայց նաև տեսնում ենք, թե ժողովրդավարական շարժումները որտեղ են հաջողվում, որտեղ` ոչ: Իշխանությունները, անշուշտ, երկու դաս են քաղում. մեկը` հաշվի է նստում ժողովրդի հետ, մյուսը,- և կարծես մեր ու Ադրբեջանի իշխանությունները այդ ճանապարհին են,- համոզմունքն է, որ պետք է շատ ավելի խիստ լինել, որպեսզի ընդդիմությունը հաջողության չհասնի: Ես ուշադրությամբ հետևում էի ՀՀ ոստիկանապետի և մի թղթակցուհու միջև մի փոքր խոսակցությանը. երբ թղթակցուհին ոստիկանապետին հարցնում էր, թե ի՞նչ եք մտածում Եգիպտոսում ընթացող իրադարձությունների մասին, նա ասաց, որ` իրավիճակին տիրապետում ենք, և երբ լրագրողը նկատեց, թե Եգիպտոսի ոստիկանապետն էլ էր այդպես կարծում, սակայն այդ իշխանությունները չկան, ոստիկանապետը հանգիստ ժպիտով ասաց` եթե ես այնտեղ լինեի, նման բան չէր լինի: Իշխանությունների տարբեր հայտարարարություններ վկայում  են այն մասին, որ իրենք պատրաստ են ամեն միջոց գործադրել, որպեսզի մնան իշխանության: Եվ ուրեմն յուրաքանչյուրն իր դասն է քաղում այս ամենից:


– Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրության ընկալմամբ, մեր երկրներում ժողովրդավարության համար պայքարի տեսանկյունից արաբական երկրների «փորձը» որևէ փոփոխություն առաջացրե՞լ է: Օրինակ` մեր իշխանություններին կհանդուրժվի՞ նոր Մարտի 1:


– Ես վստահ չեմ, թե այս առումով մեծ փոփոխություն է տեղի ունեցել միջազգային հանրության համար, բացի այն, որ առաջնորդվում են և՛ նալին, և՛ մեխին խփելու սկզբունքով. իշխանությունների կողմն են, բայց քննադատում են, որպեսզի հետո ասեն, թե մենք այսպիսի դիրքորոշում ունեինք: Կթույլատրե՞ն, թե՞ ոչ… Հարցը նրանում է, թե ի՞նչ է նշանակում չթույլատրելը… Ի՞նչ պիտի անեն, եթե նման բան պատահի… Երևի իշխանությունները պատրաստ են, որպեսզի նորից նման բան պատահի: Ես այդպես եմ կարծում: Միջազգային հանրությունը ի՞նչ պետք է անի, եթե նման բան պատահի… Ինչպե՞ս կարող է կանխել… Ո՛չ զորք է ուղարկելու, ո՛չ օդանավ է ուղարկելու, մի քիչ կքննադատի, մի քիչ կբարկանա, նույնիսկ կարող է  «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցնի, բայց չեմ կարծում, թե մեծ տարբերություն կլինի միջազգային հանրության մոտ գործնականում: Իսկ ինչ վերաբերում է հայտարարություններին` մենք դեռ Հայկական հարցի սկզբից՝  1878-ից գիտենք, թե դրանք ինչ նշանակություն են ունենում:  


– Պարոն Լիպարիտյան, Հայաստանում ընդդիմություն-իշխանություն երկխոսության հնարավորությունները ռեա՞լ են: Ի՞նչ կշահի իշխանությունը երկխոսությունից, ինչո՞ւ մեր իշխանությունների մոտ չկա նման պատրաստակամություն, չկա դրա գիտակցումը:


– Ենթադրում եմ, որ գիտակցումը կա, բայց տնտեսական, քաղաքական շահերի համընկնումը այնքան ավելի ազդեցիկ է, որ մի փոքր զիջումը իրենց համար կարող է նշանակել, որ իշխանությունը փլվում է: Իմ կարծիքով, այս սկզբունքն է նրանց մոտ իշխում, իրենք ի վիճակի չեն գնալ այդ քայլին: Ո՞վ  պիտի շահի համագործակցությունից կամ երկխոսությունից… Իհարկե` երկիրը, ժողովուրդը պետք է շահի, ինչպես նաև մեր միջազգային խնդիրների մեզ համար ավելի բարենպաստ լուծումը: Բայց երբ երկխոսություն ասելու դեպքում հասկանում ենք իշխանությունը` իրենց շահերով, արդեն տեսնում ենք, որ տարբեր հարցեր են: Այսինքն` ընդդիմության պահանջը հստակ է, իշխանության անելիքը` ավելի հստակ է, և նրանք չեն կարող պատկերացնել, որ եթե սկսում են իրական զիջումների գնալ` նշանակում է պետք է նստեն ընդդիմության հետ բանակցեն, իսկ այդ դեպքում ամենափոքր զիջումը կարող է հարցեր առաջացնել, և այստեղ առաջ են քաշվելու իրենց տնտեսական, քաղաքական սերտորեն փոխկապակցված շահերը:


– ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին հանրահավաքում նշեց, թե ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը ձեռնտու չէ ոչ միայն ներքին ուժերին, այլև արտաքին: Այսինքն` ստացվում է, որ Արևմուտքը աչք է փակում այստեղ ժողովրդավարության համար մղվող պայքարի վրա, բայց դրանից զատ, նաև նրան այնքան էլ ձեռնտու չէ իշխանություն-ընդդիմություն հնարավոր երկխոսությունը: Ո՞րն է սրա բացատրությունը:


– Այո՛, դա հին պատմություն է, և առաջին նախագահի դիտողությունը շատ ճիշտ է: Եթե հետևենք միջազգային հանրության հայտարարություններին կամ հայտարարությունների պակասին, քննադատությանը կամ քննադատության պակասին, ապա դրանք հաճախ առնչվում են մեր այն խնդիրներին, որոնց ուղղությամբ միջազգային հանրությունը ցանկանում է ճնշումներ գործադրել: Այսինքն` իրենք ունեն իրենց հստակ շահերը և համարում են, որ իրենց շահերը ավելի հեշտ է հետապնդել ու պարտադրել ավելի թույլ իշխանություններին, քան ուժեղ իշխանությանը: Իսկ որևէ իշխանություն, որը հաշվի է նստում ընդդիմության հետ, և ներքին ու ազգային խնդրիրների շուրջ սկսում է համագործակցել, առաջնորդվում է ընդհանուր շահերով, ուրեմն միջազգային հանրության համար դժվար կլինի ոչ թե որևէ հարց լուծելը, այլ դժվար կլինի լուծել այն ձևով, որը իրենց է ձեռնտու: Այդ հարցերից են` թե՛ Ղարաբաղի խնդիրը, թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս հարցերը պետք է լուծվեն, առանց դրանց կարգավորման մենք մեծ առաջընթաց չենք կարող ունենալ, բայց դրանք լուծելու համար պետք է լեգիտիմ իշխանություն ունենալ, իսկ ոչ լեգիտիմ իշխանությունը արտաքին աշխարհի համար ավելի հարմար է, քանի որ, իրենց պատկերացմամբ, լեգիտիմ իշխանությունը կարող է հակադրվել միջազգային հանրությանը, իսկ ոչ լեգիտիմը` չի կարող: Բայց այս մոտեցումն էլ սխալ է ընդհանուր առմամբ: Ուստի, երբ ասում ենք, թե իրականության մեջ ԱՄՆ-ը կամ Եվրոպան մտահոգված չեն մեր ժողովրդավարության պաշտպանությամբ, սկզբունքով հետաքրքրված լինելով հանդերձ, կարծում եմ` շատ մեծ հույս չպետք է կապեինք ո՛չ նրանց քննադատությունների, ո՛չ գովասանքի հետ:


– Պարոն Լիպարիտյան, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը օրերս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: Ի՞նչ եք կարծում, Հայաստանում Վաշինգտոնի քաղաքականությունը առաջիկա ընտրություններից առաջ կարո՞ղ է ավելի խիստ լինել, քան մինչ այժմ էր, հնարավո՞ր է ավելի սկզբունքային քաղաքականության ականատես դառնանք:


– Շատ կուզենայի հավատալ, որ դրանք ավելի սկզբունքային դիրքորոշումներ են, և որ դա մոտեցման փոփոխություն է: Սակայն տարիքս այնքան է, որ ինձ թույլ եմ տալիս չհավատալ դիրքորոշումների նման փոփոխություններին, որովհետև նախևառաջ, ինչպես ասացի, այդ հայտարարությունները կապված են տարբեր այլ հաշվարկների, շահերի հետ: Միացյալ Նահանգները ունի՞ միջոցներ որևէ բան պարտադրելու… Լավ` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցրեցին: Իշխանությունների համար ի՞նչ տարբերություն… Մեր ժողովրդի համար է խնդիր առաջանում. որ եթե որոշ աջակցություն էին ստանում` դրանք չեն լինի: Արդյո՞ք մեր իշխանությունները մտահոգվում են, որ այդ երկու-երեք ծրագիրն էլ է պակասում… Այսօր իշխանությունների հայտարարություններին եթե հետևենք, երբ նրանց ասվում է, եթե այսպես չվարվեք` այսպիսի բան կպատահի, իրենք ասում են` թող պատահի` հիմնավորելով, որ կարևորը միջազգային հանրությունը չէ, կարևորը այս չէ, կարևորը մամուլը չէ.  մամուլը ճնշվի` ոչինչ, ընդդիմությունը ճնշվի` ոչինչ, ժողովուրդը սոված մնա` ոչինչ … Արդեն այսպիսի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում էր հավատալ, որ իր հացադուլով կարող է իշխանությունների խիղճը շարժել, բայց իշխանություններին շատ չի հետաքրքրում, որ ժողովրդի կեսը կիսասոված է: Հետևաբար, ինչո՞ւ պետք է մտահոգվեին, եթե մեկ հոգի ևս սոված մնար, այն էլ կամավոր: Րաֆֆիի քայլը անհատապես քաջ գործ էր, բայց ստրատեգիական իմաստով` ինձ համար անհասկանալի մնաց:


Թեև ընդհանրապես խուսափում եմ ներքին քաղաքական հարցերին անդրադառնալուց. արդեն ակնարկել եմ արտաքին հարցերի հետ, արտաքին քաղաքականության հետ ունեցած սերտ կապի մասին, ու սա առիթ է նաև մտահոգություն հայտնելու այս մասին… Ասել եմ, որ տարօրինակ իրավիճակում եմ տեսնում ներքին վիճակը, եթե ոչ` վտանգավոր… Հաշվի առնելով ներքաղաքական օրակարգի թեմաները` ունենք քաղաքական գործունեության մի հինգ մակարդակ: Մեկը անհատական հերոսության, նվիրվածության օրինակն է, որը անձնապես գնահատելի է և շատ բան է ասում անհատի մասին, բայց որպես քաղաքական քայլ` գործնական արդյունքի չի հանգում: Հաջորդը վերաբերում է նրանց, ում քաղաքական վերլուծումը սահմանափակվել է ինչ-որ աբստրակտ բանաձևերով, քաղաքականությունը շփոթում են մի քանի ղեկավարների միջև ինտրիգների ու բազարի հետ… Կա նաև մի այլ տիպի քաղաքական գործունեություն` մարդկանց, ովքեր ամենատարածուն ծրագրեր ունեն հեռավոր ապագայի համար և հպարտանում են նրանցով, սակայն զբաղված են բացատրելով, թե ինչու այդ ծրագրերը իրագործելի չեն և այլապես չեն անում այն, ինչ պետք է որ անեն այսօրվա հարցեր լուծելու համար ու անդադար արդարանում են, թե ինչու չեն անում այն, ինչ որ պետք է անեն` որպես կուսակցություն և ընդդիմություն: Կա չորրորդ մակարդակը, որտեղ մարդիկ, որոնք արդարացրել են մարտի 1-ը՝ իրենց քաղաքական իրավունքներից օգտվող անզեն քաղաքացիների սպանությունը, ու գործակցում են իշխանավորների հետ, որոնց միակ ներդրումը երկրի քաղաքականության մեջ եղել է քաղաքական դաշտի չեզոքացումը, ուրեմն այս մարդիկ ներկայանում են որպես քաղաքացիական հասարակության զարգացման ջատագովներ… Եվ վերջապես գոյություն ունի Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը, որը հիշում է, թե քաղաքանությունը ինչ-որ կապ ունի ժողովրդի և նրա այսօրվա խնդիրների հետ, ասում է` սրանք են ժողովրդի պահանջները, սրանք են լուծումները ու հստակ կերպով ցույց է տալիս, որ ժողովրդի առնվազն մի մասը իրեն վստահում է: Հարցն այն չէ, որ տարբեր ուղղություններ կարող են լինել. սրանք անհրաժեշտ են… Հարցն այն է, որ այն, ինչ տեսնում ենք` մակարդակի ու քաղաքականության սահմանման տարբերություններ են, որոնց միջև խոսակցությունը կարող է շատ դժվար լինել, որքան ժամանակ, որ հարցադրումները ուղղված չեն մի ընդհանուր մտահոգության ու օրակարգի… Սա շատ մտահոգիչ է: Սա միայն ես չէ, որ տեսնում եմ. վստահ եմ, որ շատերն են դա տեսնում` ներառյալ արտաքին ուժերը, որոնք ըստ այդմ են հարմարեցնում իրենց մոտեցումները՝ իրենց հարցերը լուծելու համար…


– Օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել, որում նշել են, որ «ապրիլի վերջին համանախագահները մտադիր են այցելել Վաշինգտոն` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու նպատակով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցելու համար»: Դեռ մի քանի օր առաջ կար տեղեկություն այն մասին, որ նրանք կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնի հետ: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Վաշինգտոնը փորձ է անում իր ձեռքը վերցնել կարգավորման գործընթացը, և Կրեմլի պատրոնաժը արդեն հեռանկարային չի համարվում:


– Հեռանկարային է, թե ոչ` չգիտեմ, չգիտեմ նաև, թե ինչ են այժմ մտածում Վաշինգտոնում: Միայն գիտեմ այն, որ մտահոգիչ է ստեղծված իրավիճակը: Փաստ է, որ համանախագահողները և Միացյալ Նահանգները` որպես առանձին մասնակից, հետ են մնացել` ռեսուրսներ չունեն, լուծումներ չունեն: Միայն իմ տեսակետը չէ, մտածում էի` միայն իմ կարծիքն է, սակայն մի քանի դիվանագետների հետ, երբ առիթ ունեցա խոսելու, այժմ այն համոզմունքը կա, որ ամերիկյան կառավարության մեջ չկան նույնիսկ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել այդ խնդրով: Այսինքն` որևէ լուծում, որը կարող է իրական լինել` դա ժամանակ ու մարդ է պահանջում և այս հարցում Միացյալ Նահանգների ուժերը այնքան ցրված են, որ Հարավային Կովկասով գրեթե զբաղվող չի մնացել պետական շրջանակներում, այդ պետությունում մարդ չկա, որը կարող է այդ հարցով զբաղվել: Կան որոշ մասնագետներ, սակայն նրանք հիմնականում ոչ պետական կազմակերպություններում են ու շատ մտահոգ վերոհիշյալ հարցով։


Նկատելի է, սակայն, ԱՄՆ մտահոգությունը, որ ՌԴ-ն առաջ է գնում: Իմ կարծիքով, ՌԴ-ն առաջ է գնում, թեև մինչև հիմա արդյունք չկա, բայց ՌԴ-ն սպասում է իր համար ճիշտ տեղը, ճիշտ ժամանակը գտնելու… և, ի դեպ, այնքան էլ դժվար չէ Վաշինգտոնի այդ հանդիպումը ձախողել` առանց ասելու, որ պետք է ձախողել: Ուստի ես մեծ սպասելիքներ չունեմ Վաշինգտոնի այդ հանդիպումից, կարող է այս անգամ սխալվում եմ: Իմ հաշվարկները հիմնվում են ավելի ընդհանուր երևույթների վրա, ոչ թե այն ուղղությամբ, թե ինչ ասաց այսօր Պուտինը կամ Մեդվեդևը, կամ թե Հիլարի Քլինթոնը կամ Օբաման ժամանակ ունե՞ն ԼՂ հարցով զբաղվելու, թե՞ ոչ… Սրանք կարևոր են, բայց դրանք միայն հարցի մի կողմն են: Թերևս միջնորդները մտահոգ են, որ իրենց նվազ ակտիվությունը կարող է այլ կողմերի համար առիթ դառնալ առաջ գնալու կամ անտեսվելու:


– Պարոն Լիպարիտյան, թեև Ս.Սարգսյանը խոստացել էր Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը լինել, սակայն Ստեփանակերտի օդակայանի շահագործումը հետաձգվեց, իսկ համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ նշեցին, որ անհանգստացած են ԼՂ-ում պլանավորած օդանավակայանի բացումից, ինչը կարող է հանգեցնել լարվածության աճի: Համանախագահները կողմերին կոչ են արել այդ հարցում հասնել փոխհամաձայնության` պահպանելով միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը: Հայկական կողմից այսպիսի չհավասարակշռված խոստումները ի՞նչ հետևանք կարող են ունենալ:


– Իմ կարծիքով, օդանավակայանի բացումը այնքան մեծ խախտում չէ, քան կա արդեն: Դա Ադրբեջանի համար լուրջ հարց է, ավելի խորհրդանշական, սակայն իրականում օդակայանի շահագործումը ուժերի հարաբերության մեջ ոչինչ չի փոխում… Հարցի մյուս կողմն այն է, որ համանախագահողները պետք է անպայման քննադատեին հայկական կողմի ծրագիրը, որպեսզի Ադրբեջանի համար մեկ քայլ արած լինեին: Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը` չեմ զարմանում, որովհետև վերջին մի քանի տարին է, ինչ այդ «մաչոյական» կեցվածքը կա՝ տղամարդու հասկացողության սխալ ըմբռնումը. նման հայտարարություններով, զոռբայությամբ անձնականացնում են քաղաքականությունը… Անշուշտ, մտահոգիչ է, բայց նորություն չէ, ինձ չի զարմացնում:


Իհարկե օգտակար չէր, որովհետև սկզբունքը պետք է սա լինի` եթե որևէ բան այսօր հայտարարում ես, պետք է մտածես, թե որքան ժամանակ է դա լինելու իրական և որքան ժամանակ է քո ասածը լինելու ճշմարիտ: Երբ Տեր-Պետրոսյանի հետ աշխատում էինք, հիմնական սկզբունքներից մեկը  հենց այդպիսին էր: Հաճախ էինք հայտարարություններ պատրաստում տարբեր երևույթների մասին, բայց նա մերժում էր հրապարակել, ոչ թե որովհետև վատ հայտարարություն էր համարում, այլ ասում էր`  չգիտեմ երեք ամիս հետո կարո՞ղ ենք այդ թեզը պաշտպանել, թե՞ ոչ, հետևանքները հաշվի՞ առնում ենք, թե՞ ոչ: Այսինքն` որևէ հայտարարություն անելուց առաջ մի քանի անգամ պետք է մտածել:


– Ապրիլի 24-ից առաջ դարձյալ ակտիվացել են հայ-թուրքական կարգավորման հետ կապված հայտարարությունները, Թուրքիայից հիշեցնում են ԼՂ խնդիրը, Ադրբեջանից նույնը, դարձյալ նույն տեղապտույտի մեջ ենք: Ի՞նչ վիճակ է այս գործընթացում, ինչ-որ հնարավորություններ տեսնո՞ւմ եք:


– Նույն տեղապտույտի մեջ ենք, ես հնարավորություն չեմ տեսնում մոտ ապագայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի ուղղությամբ` առանց ԼՂ խնդրում առաջընթացի: Որևէ լուրջ նախաձեռնություն չեմ տեսնում, յուրաքանչյուրը իր դիրքորոշումն է պնդում, այս երկու երկրներն էլ ավելի ուրախ են իրենց լավ զգալով, քան` լավ գործելով: Կարծում էի, թե սա միայն մեր հիվանդությունն է, բայց պարզվեց` Թուրքիայում էլ նույն վիճակն է. տեսեք` ինչ ասեցի, ոչ թե` ինչ լավ բան արեցի… Այսինքն` ավելի լավ է մեզ լավ զգանք, քան իրական քայլ անենք, առաջ գնանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում