«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հանրային կապերի մասնագետ, արձակագիր «Կիկոսի վերադարձը» գրքի հեղինակ Արմեն Օհանյանը:
– Արմեն, YouTube-ում հայտնվել է մեկ րոպեանոց մի հոլովակ, որն արդեն բավական տարածում է գտել: Սա՞ էր Ձեր խոստացած անակնկալը:
– Սա անակնկալներից մեկն է, մնացածը կլինի մարտի 21-ին, երբ կտոնենք «Կիկոսի վերադարձը» արդեն բոլորս միասին: Իսկ «Հարլեմ շեյքը» յութուբյան մեմ է, որ 2013-ի տարեսկզբին հասավ իր պոպուլյարության գագաթնակետին և հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր տարբերակներ հայտնվեցին վիրտուալ տարածքում, ու միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր մարդիկ մի կուշտ ծիծաղեցին` փոքր-ինչ երկարացնելով իրենց կյանքը: Մենք էլ ուզեցինք ձեր կյանքը երկարացնել, ու արդյունքում ստեղծվեց առաջին հայ-գրական «Հարլեմ շեյքը», որ հենց մեզ` մասնակիցներիս համար մի կողմից՝ զվարճանալու առիթ էր, մյուս կողմից` մեր ուրախությամբ մարդկանց հետ կիսվելու ձև:
– Արմեն, Ձեր «Հարլեմ շեյքում» երևում են հայտնի մարդիկ` «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, կինոգետ, խմբագիր Զավեն Բոյաջյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, գրող, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանը և այլն:
– Այո, մեր ուրախ ընկերախմբում հավաքվել էին ընթերցող, գրող, գրաքննադատ, խմբագիր ու հրատարակիչ, մեծ թե փոքր, ջահել-ահել, մարդիկ, որ սիրում են կարդալ ու զվարճանալ և միասին տոնում են նոր գրքի ծնունդը`նորովի: Շնորհանդեսը գրքի ծննդյան արարողություն է, մենք, որպես կանոն, էդ ծնունդը նշում ենք էնպես, կարծես հրաժեշտ ենք տալիս ու թաղում ենք նորածնին: Մինչդեռ գիրքը բոլորիս ուրախությունն է, ուրեմն արժե նշել քեֆ-ուրախությամբ, ոչ թե անիմաստ ճառ ու մաղթանքներով:
– Սա՞ ի նկատի ունեիք, երբ ասում էիք, որ «ՀայԹեքն» ու «ՀայԳրակ»-ն իրար տալու շատ բան ունեն:
– Ոչ, սա ընդամենը գրքի քարոզարշավի մի տարր է, որ շատերին կզվարճացնի, ոմանց էլ կնյարդայնացնի, բայց հայ գրականության ճակատագրի վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ: Մենք պարզապես կոչ ենք անում՝ թող անցած լինեն էն ժամանակները, երբ գրողը տքնում-ծնում էր գիրք, հետո իր այլ աղբյուրներից վաստակած գումարներով կամ պետության նետած երկու կոպեկով էդ գիրքը տպում էր, վերջում էլ` բաժանում-նվիրում ընկեր-հարազատ-բարեկամներին ու խնդրում-աղաչում, որ կարդան: Պիտի ի վերջո կայանա գրող-գործակալ-հրատարակիչ-գրավաճառ-ընթերցող շղթան, որի անխափան աշխատանքի պարագայում միայն կարող ենք ասել, որ մենք ունենք նորմալ գրաշուկա, բայց դա էլ անհրաժեշտ և ոչ բավարար պայման է մրցունակ գրականություն ունենալու:
– Լավ, ուրեմն սպասենք 21-ին:
-Հա, ի դեպ, 21-ն էլ խորհրդանշական օր է, նախ՝ մատենաշարի անունն է, որով տպվում է 21-րդ դարի հայ արձակը, և հետո գիշերահավասարի օրն է, և ըստ հայկական ավանդական օրացույցի՝ գարնան առաջին օրը: Ֆեյսբուքյան էջում Կիկոսն ինքն է գրառում արել. «Ես կվերադառնամ, երբ գիշերն ու ցերեկը հավասարվեն, Վահագն աստծու ծնունդով, հայկական գարնան առաջին օրով` մարտի 21-ին, ու կտոնենք միասին վերադարձս` Բոբի փաբում, ժամը երեկոյան 8-ից մինչև ուշ գիշեր: Ձեր` Կիկոս»:











































