Մոսկվայում Քուվեյթի դեսպանատան երրորդ քարտուղարի դին հայտնաբերվել է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում:
Սալեհ Մուհամադի դին այսօր հայտնաբերել են տրանսպորտային ոստիկանները` երկաթգծի Ռիժսկայա կայարանի կառամատույցից ոչ հեռու:
Հիմա դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական ծառայությունը:
Քննության նախնական տվյալներով, ապրիլի 17-ի գիշերը Սալեհը դուրս է եկել Արբատում գտնվող Прайм 21 ռեստորանից, նստել իր Porsche 911 Carrera S ավտոմեքենան և հեռացել, որից հետո մինչև ներկա պահը նրա գտնվելու վայրն անհայտ է եղել:
Նրա մոտ չի հայտնաբերվել ո՛չ փաստաթուղթ, ո՛չ ժամացույց, ո՛չ էլ որևէ այլ թանկարժեք բան: Մեքենան նույնպես չի հայտնաբերվել:
Տեղեկացնենք նաև, որ մի քանի ամիս առաջ սպանվել էր Պերուի դեսպանատան աշխատակիցը, որի դին անհետանալուց մի քանի շաբաթ անց հայտնաբերել էին Մոսկվա գետում: