Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթդին Էրբաքանը, հարցազրույց է տվել գերմանական Die Welt պարբերականին, որում խստորեն քննադատել է թուրքական ներկայիս կառավարությանը: Dogan Haber լրատվական կայքի տեղեկացմամբ, Էրբաքանը դատապարտել է Գյուլի եւ Էրդողանի ուղեգծած քաղաքական կուրսը: «Նրանք այստեղ` Թուրքիա, բերեցին որոշ արտաքին ուժերի` աշխարհին տիրացած ռասիստական, սիոնիստական իմպերիալիզմի ուժերին: Նրանք` Գյուլն ու Էրդողանը, առանց հասկանալու աջակցում են արեւմտյան, սիոնիստական ռեժիմին: Արածների մեծ մասը սխալ է: Հարկերով ու պարտքերով սիոնիստների համար փող են աշխատում: Էրդողանը դարձել է սիոնիստների գանձապահը: Ճիշտ է, նա իմ ուսանողն է եղել, բայց հիմա իմ նպատակը նրան տապալելն է»,- ասել է Էրբաքանն ու հայտարարել իր վերադարձի մասին:
Հիշեցնենք, որ Նեջմեթդին Էրբաքանը1996-97թթ. գլխավորել է Թուրքիայի կոալիցիոն կառավարությունը: Հարկադրված է եղել հրաժարական տալ զինվորականության ճնշման ներքո: Նրա վարչապետության ժամանակ Թուրքիայում ավելի են խորացել իսլամամետ տրամադրությունները: Էրբաքանը նաեւ գլխավորել է այժմ լուծարված «Բարեկեցություն» կուսակցությունը, որի հիման վրա էլ ստեղծվել է Թուրքիայի ներկայիս իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: