Լուրեր
Դատավորը խարդախությամբ սեփականատիրոջից խլում է նրա սեփականությունը
  • 20:00
  • 2015-08-02
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է «Բողոք երկրի սրտից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Հանրապետության հրապարակում իր բողոքն է հայտնում Երևանի բնակիչ Լևոն Թելոյանը: Նա պնդում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը իր ամուսնու՝ Գագիկ Խուդավերդյանի հետ, խարդախությամբ իրենից խլում է Պռոշյան 19 հասցեում գտնվող «Քարանձավ» ռեստորանը, դրանով չբավարարվելով՝ նաև տան մի մասը:

Նա պատմեց, որ 2003թ. իրեն այցելել է Վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանի ամուսինը՝ Գագիկ Խուդավերդյանը, և հայտնել, թե, իբր, օբյեկտի մի մասը իրենց սանիկինն է՝ Ամերիկայում բնակվող, և կա կտակ: «Մենք ցույց տվեցինք, որ հասցեն ամբողջը մերն է, կան սեփականության վկայականներ, տունը գնել ենք 2 գործարքով, և նման մարդիկ՝ նման ամերիկացու իրավունք, գրանցված չէ, բոլոր փաստաթղթերը մեզ մոտ են, օրինական են»:

Լևոն Թելոյանը պատմեց, որ մի օր Գագիկ Խուդավերդյանի հետ եկել է դատավոր կինը և սկսել սպառնալ. «Դու դեռ կտեսնես՝ ես ինչերի եմ ունակ, քո համար լավ չի լինելու, ես պատգամավորներից էլ ավելի թափով եմ»:

Լևոն Թելոյանը պատմեց, որ Կարինե Հակոբյանը կեղծ փաստաթղթերով (կտակ, լիազորագրեր, մահվան վկայական և այլն), ի վերջո, Եվրադատարանի միջոցով տիրացել է իր օրինական գույքին և այժմ ցանկանում է վտարել ու քանդել իր 1000 քմ շինությունը: Սա՝ չնայած այն բանին, որ նրա նկատմամբ դատախազությունում մի շարք քրեական գործեր են հարուցվել, ապացուցվել է, որ անգամ ԱՄՆ-ից բերված փաստաթուղթը կեղծ է: «Այնքան հզոր է, որ դատախազության քրեական գործերը՝ հարուցման որոշումները, դատարաններով վերացնում է, և այդ հանցավոր խումբը անպատիժ է մնում դատարանների միջոցով: Անգամ ՀՀ նախագահի աշխատակիցները գործն ուսումնասիրելուց հետո համարել են, որ կան ակնհայտ աղաղակող խախտումներ և կեղծիքներ, որոնք կատարվել են դատարաններում»,- մանրամասնեց նա:

Լևոն Թելոյանն ասաց, որ մտադիր չէ հանձնվել. 10 տարուց ավել է՝ փորձում են տունը, սեփականությունը, ռեսոտրանը խլել, բայց ինքը չի վախենում, չի լքելու այն:

Այս քաղաքացու նկատմամբ անգամ քրեական գործ է հարուցվել: «Դե, ռեստորանը կապարաքնքել են, երեխաս կողպեքը հանել էր, իմ վրա եմ վերցերել, քրեական գործ են հարուցել: Սպասում եմ տեսնեմ՝ ինչ կլնի, բայց եթե սխալ լինեի և անհիմն մեղադրեի խարդախ դատավորին, ապա ինձ զրպարտության համար մեղադրանք կառաջադրեին, բայց իրենք էլ գիտեն, որ ճիշտ եմ, 90-ականներին ձեռք բերած իմ գույքն են ուզում խլել»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Դիտումներ՝ *