Իրաքում քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել խորհրդարանական հիմնական դաշինքների միջեւ իշխանության բաժանման շուրջ: Նախօրեին Բաղդադում այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի ադ Դաբաղը: Նա նշել է, որ վարչապետ Նուրի ալ Մալիքին վերստին կառաջադրվի կաբինետի ղեկավարի պաշտոնում, իսկ հանրապետության նախագահ կդառնա քուրդ Ջալալ Թալաբանին:
Մարտին կայացած համընդհանուր ընտրություններում հաղթանակ տարած «Ալ Իրաքիա» լիբերալ հայրենասիրական դաշինքի առաջնորդ Այադ Ալաուիին առաջարկվել է որոշել սուննիների թվից խորհրդարանի նախագահի թեկնածուին: «Մադար ալ Բաղդադ» արբանյակային հեռուստակայանը հայտնել Է ապագա խոսնակի անունը՝ Ուսամա ան Նաջաֆի: Լիբերալները նաեւ պնդում են, որ իրենց տրամադրվի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաեւ մի շարք ազդեցիկ պաշտոններ ապագա կաբինետում, մասնավորապես` արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Ադ Դաբաղը նշել է, որ կառավարության կազմի շուրջ ապագա գործարքի վերջին շտրիխները կարվեն Էլբիլի խորհրդակցությունում, որն ընթանում է քուրդ առաջնորդ Մասուդ Բարզանիի նախագահությամբ: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդընը նախօրեի գիշերը հեռախոսազրույց է ունեցել Բարզանիի հետ եւ իրազեկվել «կլոր սեղանի» շուրջ բանավեճերի ընթացքի մասին: