Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, ներկայումս թուրքական խորհրդարանում ներկայացված քրդական միակ լեգալ՝«Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը քննարկում է հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու խնդիրը:
Դրա համար պատճառ է հանդիսացել այն, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) վետո է դրել ընտրություններում ԽԺԿ-ն ներկայացնող 7 անկախ թեկնածուների մասնակցելու վրա: Նրանք են Հաթիփ Դիջլեն, Լեյլա Զանան, Գյուլթան Քըշանաքը, Սաբահաթ Թունջելը, Էրթուղրուլ Քյուրքչյուն, Իս Գյուրբյուզը և Սալիհ Յըլդըզը: Այդպիսի արգելք է կիրառվել ևս 5 հոգու նկատմամբ:
ԽԺԿ նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խիստ դժգոհությամբ է ընդունել YSK-ի որոշումը` դա մեկնաբանելով որպես նոր պատերազմական ակտ և չբացառելով, որ ԽԺԿ-ն կարող է բոյկոտել խորհրդարանական ընտրությունները:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԽԺԿ-ն ներկայացրել էր 61 անկախ թեկնածուների, որոնք պայքարելու էին երկրի 39 նահանգներում:
Պետք է նշել, որ թուրքական խորհրդարան մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններից պահանջվում է հաղթահարել քվեների 10 տոկոսանոց արգելքը: Եվ քանի որ քրդական կուսակցությունը կարող է հավաքել քվեների մինչև 6 տոկոսը, ուստիև առավել նպատակահարմար է համարվում խորհրդարանական ընտրություններին անկախ թեկնածուներով հանդես գալը, ապա նոր խորհրդարանական խմբակցություն ձևավորելը: