Թուրքիայի արտգործնախարարությունը կիրակի հաստատել է միջուկային հիմնախնդրի վերաբերյալ միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ բանակցությունները վերսկսելու Իրանի մտադրության վերաբերյալ հաղորդագրությունները: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրները:
«Թուրքիան ի սկզբանե ակտիվ ջանքեր է գործադրում իրանական միջուկային հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, եւ այդ շրջանակներում պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրները: «Բանակցությունները Թուրքիայում անցկացնելու հարցի շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել»,- նշել են նախարարությունում: Նույն օրը` ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ բանակցությունները վերսկսել Թուրքիայում:
Ինչպես հաղորդել է Anadolu գործակալությունը, նախարարն այդ մասին հայտնել է Թեհրանում կայացած մամլո ասուլիսում՝ նշելով, որ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է թուրքական կողմին. «Մենք Թուրքիայի մեր բարեկամներին հաղորդել ենք, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ այնտեղ: Մենք ակնկալում ենք, որ կկարողանանք պայմանավորվել դրանց ժամկետի եւ օրակարգի վերաբերյալ»,- ասել է Մոթաքին: