Որպես արտաքին դիտորդ՝Պուտին-Մեդվեդև հակադրության մասին դատելը, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի, դժվար է, սակայն մինչ այժմ չկա որոշակիություն՝ Պուտին-Մեդվեդև տանդեմից մե՞կը, թե՞ երկուսն են առաջադրվելու 2012թ. նախագահական ընտրություններում. «Միակ բանը, որ պարզ է, այս է՝ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը հայտարարել է, թե չի սատարելու այն թեկնածուին, որն առաջադրվելու է «Յեդինայա Ռոսիա»-ի կողմից: Իսկ թե ում է առաջադրելու «Յեդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ շատ երկար չի մնացել, որ լինի նաև այդ պատասխանը»:
Ըստ Մարկարովի՝ ակնհայտ է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ մինչև այժմ որոշվում էր ոչ թե անհատներով, այլ այն ռազմավարական և քաղաքական նկատառումներով, որոնք Ռուսաստանն ունի մեր տարածաշրջանում:
«Էական փոփոխություններ երկկողմ հարաբերություններում, կախված նրանից, թե ով է լինելու ՌԴ նախագահը կամ վարչապետը, պետք չէ ակնկալել: Դա է վկայում նաև այն, որ միջպետական հարաբերությունները շարունակում են մնալ բավական բարձր մակարդակի վրա»: