Իմ հացադուլի քայլն ունի քաղաքական չափում: Այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ այս պայքարի և ժողովրդի հաղթանակի վերջին հանգրվանն իր անձնական քաղաքացիական որոշումն էր ինքնամաքրվելու՝ հացադուլի, սա իր ճանապարհն է: Ըստ նրա՝ սա ճանապարհ է, որ ինքն իր սխալների համար պատասխան տա, որ իր ծառայությունը, պատասխանատվությունը ժողովրդի առջև հասցնի տեղ:
«Փետրվար 18-ին ունեցանք հասարակական նոր մանրակերտ, քաղաքական հին մոդելները ժողովուրդը ջարդեց, այսօր ավելի կարևոր է քաղաքացիական համախմբումը, կոնսոլիդացիան, ազատությունը, որին պետք է սպասարկեն քաղաքական կուսակցությունները, քաղաքական կոնսոլիդացիան կամբողջանա մարտի տասից հետո, քան մինչ դա: Իմ հացադուլի քայլն ունի քաղաքական չափում: Իսկապես, ուզում եմ ընդգծել, որ ես և մենք միասին ժառանգորդն ենք բոլոր նախկին շարժումների: Այս պայքարը պատկանումէ բոլոր հայերին, որ բերեցին այս օրը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:










































