Մյանմայում ավարտվել են վերջին քսան տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվող խորհրդարանական ընտրությունները: Թեեւ պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մեկ-երկու օր անց, սակայն քչերն են կասկածում, որ խորհրդարանական տեղերի մեծամասնությունը կզբաղեցնեն բանակի աջակցությունը վայելող երկու կուսակցությունների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ նախկին բրիտանական գաղութում վերջին անգամ ընտրություններ տեղի էին ունեցել 1990թ., երբ ջախջախիչ հաղթանակ էր տարել Աունգ Սան Սու Քյիի գլխավորած Ազգային լիգան, սակայն իշխանությունը բռնազավթվել էր զինվորական խունտայի կողմից, որն էլ, այդ ժամանակից սկսած, ղեկավարում է երկիրը:
Քյին եւ մյուս դեմոկրատական ուժերը բոյկոտել են ընտրությունները, քանի որ իրենց հարյուրավոր կողմնակիցներ շարունակում են մնալ բանտերում:
Հնդկաստան կատարած այցի ընթացքում Մյանմայի ընտրությունները խստագույնս քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն այդ իրադարձությունը որակել է «ամեն ինչ, բայց ոչ ազատ եւ արդար»:
Թեեւ զինվորական խունտան բարեփոխումներ կատարելու կամքի ոչ մի նշան ցույց չի տվել, այդուհանդերձ, որոշ վերլուծաբաններ հուսով են, որ ներկայիս ընտրությունները հիմք կհանդիսանան ապագա ժողովրդավարական փոփոխությունների համար: