ՀՀ Ազգային ժողովի ներքին գործերի, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ զինված ուժերում բարեփոխումներից կարեւոր է օրենսդրական բացերը լրացնելը: Նա հիշեցրեց, որ մինչ օրս զինված ուժերում սպաների եւ զինվորների միջեւ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության՝ 1996թ. որոշմամբ: Հրայր Կարապետյանը տեղեկացրեց, որ «Զինված ուժերում կարգապահության» կանոնակարգի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության. առաջիկայում Ազգային ժողովում կկազմակերպվեն լսումներ, որից հետո էլ կունենանք համապատասխան օրենք: Հրայր Կարապետյանը նշեց, որ Հայաստանում հասունացել է զինվորական օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու անհրաժեշտությունը: Ըստ Հրայր Կարապետյանի`Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմազբաղ լինելու պատճառով չի կարող այդ ոլորտը լրջորեն ուսումնասիրել: Դաշնակցական պատգամավորը նշեց, որ բանակում այսօր էլ կան սպաներ, որոնք զբաղվում են դրամաշորթությամբ, եւ անկախ անցյալում նրանց մատուցած ծառայություններից` այդ մարդիկ չպետք է լինեն բանակում: