Ինչպես տեղեկացրել էինք, Արմավիրի մարզի Հայկավան գյուղում մայիսի 1-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում:
Այսօր զրուցեցինք Հայկավանի գործող գյուղապետ Մամիկոն Գևորգյանի հետ, որը հերթական ընտրություններին ևս առաջադրել է իր թեկնածությունը:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նախընտրական շրջանը գյուղում անցնում է շատ նորմալ, հանգիստ, կազմակերպված, առանց լարվածության, որը շատ կարևոր է:
Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուներն են «Հանրապետական» կուսակցության անդամ, գործող գյուղապետ Մամիկոն Գևորգյանը և անկուսակցական Ռուբիկ Ղազարյանը:
Մեզ հետ զրույցում առաջիկա ընտրություններում վերընտրվելու իր հնարավորություններից խոսելիս գործող գյուղապետն ասաց, որ եթե ընտրապայքարի մեջ է մտել, ուրեմն գնահատում է, որ «իր շանսերը պետք է որ լավ լինեն»:
Նրանից նաև տեղեկացանք, որ գյուղն ունի 1010 ընտրող, բայց բացակայողները մեծ թիվ են կազմում, հետևաբար ընտրություններին կմասնակցեն մոտ 700-750-ը:
Իսկ մեր այն հարցին, թե կուսակցությունից կոնկրետ հանձնարարականներ ստացե՞լ է` պատասխանեց. «Հանձնարարականներ, կարգադրություններ չկան, բայց բնական է, որ պետք է պահեն իրենց կուսակցական ընկերոջը»: