Ստամբուլում խուզարկվել են ընկերությունների գրասենյակներ, որոնք, ամենայն հավանականությամբ, նյութերի և սարքավորումների մաքսանենգություն են իրականացրել իրանական Արաք քաղաքի մոտ գտնվող միջուկային օբյեկտի համար:
Haber Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ գործողության ընթացքում առգրավվել են ֆիրմաների փաստաթղթերը, ձերբակալվել է Իրանի երկու քաղաքացի:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվել նաև Գերմանիայի մի շարք ընկերություններում, որտեղ տեղի ոստիկանությունը ձերբակալել է մաքսանենգությանը մասնակից 5 իրանցու:
Դեպի Իրան անօրինական նյութերի ներկրման համար Ստամբուլում ստեղծվել են տարբեր պրոֆիլի 7 ընկերություններ:
Ներկայումս ձերբակալվածները հարցաքննվում են: Ոստիկանությունը հետախուզում է իրանցի ամուսնական զույգին, որը մասնակից է մաքսանենգ բեռների մատակարարումների կազմակերպմանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ստամբուլյան ֆիրմաների միջոցով 2010-12 թթ. Հնդկաստանից և Գերմանիայից Իրան են փոխադրվել շուրջ 900 տարբեր բեռներ: