«Յովանովիչը ոչ մի նոր բան չի ասել: Դեռ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո ասվել էր, որ կան պրոբլեմներ, և հնարավոր է «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի դադարեցումը»,- մեկնաբանելով ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունը, թե Հայաստանը այս տարի չի կարող մասնակցել «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրին` ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը հիշեցնում է նաև, որ «Հազարամյակի մարտահրավերների» երկու ծրագրերից մեկը` գյուղական ճանապարհների ֆինանսավորումը դադարեցվել էր դեռ 2008 թ., և տրամադրվելիք գումարը տրվել էր Վրաստանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ծրագրի կասեցման պատճառն այն է, որ ընտրությունների, մարդու իրավունքների, մամուլի ազատության և մի շարք այլ ցուցանիշներով Հայաստանը չի համապատասխանում հիմնադրամի պահանջներին:
Իսկանդարյանը չի կարծում, թե այն, որ ԱՄՆ պաշտոնյան այս հայտարարությամբ հանդես է գալիս հենց այժմ, կապված է ներքաղաքական զարգացումների հետ: «Հարցազրույցը եղել է հինգշաբթի օրը, այդ հարցը տվել են, Յովանովիչն էլ պատասխանել է»,- ասում Իսկանդարյանը:








































