Սիրիայում չորս մարդ է զոհվել սպանված ցուցարարների հուղարկավորության ժամանակ, որը վերածվել է մեծ հանրահավաքի: Այս մասին հաղորդում է SkyNews-ը: Երկրի ամենամեծ քաղաքներից մեկի` Հոմսի արվարձանում` Թաբլիս քաղաքում, որտեղ նախօրեին տեղի էր ունեցել բախում ոստիկանների հետ, և մի մարդ էր սպանվել։ Սպանվածի հուղարկավորությունը վերածվեց բազմահազարանոց ցույցի և երթի: Մասնակիցները, ձեռքներում՝ մոմեր, հանդես են եկել հակակառավարական կոչերով և պահանջել են նախագահի ու կառավարության հրաժարականը:
Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ անհայտ զինված խմբի հարձակման պատճառով այդ քաղաքում զոհվել է մեկ ոստիկան, ևս 11-ը վիրավորվել են:
Մինչդեռ ապրիլի 16-ին Սիրիայի նոր կառավարության առաջին նիստի ժամանակ այդ երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում երկրի գործադիր մարմինը կվերացնի 1963 թվից գործող արտակարգ դրության ռեժիմը: Իր հայտարարության մեջ նա հերթական անգամ ափսոսանք է հայտնել ցուցարարների մահվան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ իրավապաշտպաններն արդեն խոսում են ավելի քան 200 զոհերի մասին, որոնք հետևանք են մարտի կեսերից երկրի տարբեր քաղաքներում սկսված հակակառավարական ցույցերի:











































