ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Թուրքիան եվրոն պետք է ընդունի որպես իր ազգային արժույթ, եթե դառնա Եվրամիության անդամ: Նա հավելել է, որ դա, ամենայն հավանականությամբ, կդառնա Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու շուրջ ֆինանսային և աժութային քաղաքականության հարցերով բանակցությունների պայմաններից մեկը:
«Նեզավիսիմայա գազետա» թերթը գրում է, որ հարցի նման դրվածքը տարօրինակ է, քանի որ Եվրամիության ոչ բոլոր երկրներն են մտնում եվրոգոտու մեջ: Երկրների շարքում, որոնք շարունակում են կիրառել իրենց ազգային արժույթները, Մեծ Բրիտանիան և Շվեդիան են: Ավելին, ճգնաժամից հետո որոշ երկրներ մտածում են եվրոյից հրաժարվելու մասին:
Թերթը նշում է, որ Անկարայում, ամենայն հավանականությամբ, ևս հիացած չեն այս գաղափարով: Դեռևս անցյալ տարվա վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլինում հայտարարել է, որ չի նախատեսում եվրոն ընդունել որպես ազգային արժույթ, եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ: Էրդողանի խոսքերով՝ անգլիացիներն իրենց խորհուրդ են տվել չմտնել եվրոգոտի, այլ ստեղծել լիրայի սեփական գոտի, ինչի հետ իրենք համամիտ են:
Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը կարելի է գնահատել՝ որպես ուշացած արձագանք Թուրքիայի վարչապետի այս խոսքերին: Դեռևս պարզ չէ, թե կողմերն ինչպես կհաղթահարեն հերթական խոչընդոտը Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Հավանական է, որ Անկարան, որն առանց այդ էլ ավելորդ պատրանքներ չի տածում եվրոպական ընտանիքին անդամակցելու շուրջ, իրոք կմտածի լիրան առաջ տանել՝ որպես տարածաշրջանային արժույթ,- գրում է թերթը:
Այսօր Թուրքիայի տնտեսական գործերը վատ չեն ընթանում: Այն ժամանակ, երբ Եվրոպայի տնտեսությունը խոր ճգնաժամ է ապրում, Թուրքիան ցուցադրում է աճ: Սակայն տվյալ փուլում լիրայի գոտի ստեղծլու մասին խոսակցությունը քաղաքական քայլ է: Ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, այս տեսակետի հետ համաձայն է թուրքական E Haber տնտեսական ամսագրի գլխավոր խմբագիր Թուրգայ Թուրքերը, որը նաև Թուրքիայի տնտեսական լրագրողների ասոցիացիայի ղեկավարներից մեկն է: Նրա կարծիքով՝ Էրդողանը նման կերպ արտահայտվել է Եվրամիությանը ցույց տալու համար, որ Թուրքիան տնտեսական առումով ինքնաբավ և ուժեղ է: Թուրգայը նշել է, որ Թուրիքայում դեռևս չի ընթանում որևէ արժութային միություն ստեղծելու գործունեություն:
«Անհնար ոչ մի բան չկա: Սակայն կարծում եմ, որ երկրի ղեկավարությունը դեռևս ամբողջությամբ չի հրաժարվել իր եվրոպական ձգտումներից: Այդ պատճառով դեռևս վաղ է խոսել լիրայի գոտու մասին»,- ասել է նա:
Թուրգայի խոսքերով՝ մի քանի տարի առաջ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարն առաջարկել էր ստեղծել կազմակերպություն, որին կանդամակցեին Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, ինչը կարող էր դառնալ հզոր տնտեսական միության հիմք:
Մասնագետը նշել է, որ այդ բառերն այդպես էլ մնացին բառեր, և կարծիք հայտնել, որ եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրոպայի անդամ, ապա ստիպված կլինի ընդունել պայմանները, որոնք առաջ է քաշում ԵՄ-ը:
«Չնայած Ֆյուլեի հայտարարությունը կարելի է գնահատել որպես որոշակի քաղաքական ճնշում, սակայն այն կարելի է հասկանալ: Այսօր Թուրքիան արտահանման և ներմուծման հիմնական միջազգային հաշվարկներն իրականացնում է դոլարով»,- ասել է նա և հավելել, որ եվրոյի դիրքերն ամրապնդելու և Արևելքում հաստատվելու համար եվրոպացիները կձեռնարկեն նման քայլեր:
Թուրգայը նշել է, որ, իր կարծիքով, այժմ այդքան էլ նպատակահարմար չէ ստեղծել լիրայի գոտի: