Հորդանանի անվտանգության ուժերն ուրբաթ օրը ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել` ծայրահեղ իսլամիստների ցույցը ցրելու համար: Բախումները տեղի են ունեցել մայրաքաղաք Ամմանից դեպի հյուսիս գտնվող Զարկա քաղաքում: Ցուցարարները պահանջել են բանտերից բաց թողնել մոտ 200 ծայրահեղականների, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ:
Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Նախնական տվյալներով, մոտ 50 ոստիկան է վիրավորվել այն բանից հետո, երբ ցուցարարները անսպասելի հարձակվել են նրանց վրա: Ոստիկաններից վեցը ծանր վիճակում են: Ձերբակալվել են բախումները հրահրած 17 ցուցարարներ:
Մայրաքաղաքում ցույցերն անցել են ավելի հանգիստ: Ցույցեր են եղել նաև Իրբիդ, Քարաք, Մաան և Աքաբա քաղաքներում: Ամմանի ցուցարարները պահանջել են վարչապետ Մաարուֆ Ալ-Բահիտի հրաժարականը, որի կարգադրությամբ մարտի 24-ին մայրաքաղաքի կենտրոնում ապամոնտաժվել է ընդդիմության վրանային ճամբարը: