ԱՄՆ-ը մտադիր է հավատարիմ մնալ Իրանի դեմ դիվանագիտական ճնշումներին եւ շարունակել տնտեսական պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հայտարարությունը, թե Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունն արդյունք չի տալիս, եւ միայն ռազմական միջամտության իրական սպառնալիքը կստիպի մահմեդական ռեժիմին հրաժարվել իր միջուկային ծրագրերից: «Ես համաձայն չեմ, որ միայն ռազմական միջամտության իրական սպառնալիքը կարող է ստիպել Իրանին դադարեցնել իր միջուկային ծրագիրը»,- հայտարարել է Գեյթսը: Նրա խոսքով, Իրանի ղեկավարներն արդեն պատրաստակամություն են հայտնել նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սպասվում է, որ բանակցությունները կկայանան նոյեմբերի կեսերին, հաղորդում է Reuters գործակալությունը: