«Փյունիկ» ակումբը և դարպասապահ Դորդե Պանտիչը այսօր կայացած բանակցություններից հետո եկան երկկողմ համաձայնության և լուծարեցին գործող պայմանագիրը: Դորդե Պանտիչը մեկնեց Սերբիա: Սա «Փյունիկ» ՖԱ մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրությունն է։
Գյումրիի «Շիրակ»-ը երկկողմանի համձայնությամբ խզել է բելգիացի հարձկավող Բենջամին Կաբոնգոյի հետ պայմանագիրը։ Ֆուտբոլիստն արդեն վերադարձել է Բելգիա։ Հիշեցնենք, որ Կաբոնգոն «Շիրակ»-ի կազմում մասնակցել է 3 պաշտոնական հանդիպման։
Այս հաղորդագրությունն էլ տարածել է «Շիրակ» ՖԱ մամլո քարտուղարությունը։
Երկու օրում Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող թիմերի երկու լեգեոներներ լքեցին իրենց ակումբները: Երկու դեպքում էլ պաշտոնական հաղորդագրություններում նշվում է փոխադարձ համաձայնությամբ, սակայն փոքր ինչ տրամաբանելու դեպքում կարելի է հասկանալ, որ լեգեոներները խնդիրներ են ունեցել իրենց ակումբներում:
Ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլում (բացառությամբ նախկին Խորհրդային միության երկրների, ի մասնավորի Ռուսաստանում, շատ են նման դեպքերը) չափազանց հազվադեպ է պատահում, երբ պայմանագիրը խզում են մի ֆուտբոլիստի հետ, ով ընդամենը մի քանի հանդիպում է անցկացրել իր նոր ակումբի կազմում և արդեն համարվում է հիմնական կազմի խաղացող:
Նման դեպքեր գրանցվելու պարագույում էլ անպայման բացատրություն է լինում (նվազագույնը` ակումբի նախագահը մամուլի ասուլիս է հրավիրում ու պաշտոնապես հայտարարում պատճառների մասին), իսկ մեր ակումբները սահմանափակվում են նման «բազմաբովանդակ» հաղորդագրություններով:
Լուսանկարը՝ totalfootball.am