Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, այս տարվա նոյեմբերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալու է ՆԱՏՕ-ի խորհրդի նիստը: Այդ նպատակով Վրաստան կայցելեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների դեսպանները:
Մեկնաբանելով այդ իրադարձությունը` Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն նշել է. «ՆԱՏՕ-ի խորհրդի ժամանումը Թբիլիսի ունի քաղաքական մեծ բեռնվածություն: Վրաստանի դաշնակից երկրները մեծ ներդրում են ունեցել Բրյուսելում տվյալ խնդրի լուծման համար: Այդ հանդիպման գլխավոր քննարկման առարկաներ կհանդիսանան ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները, ինչպես նաև այն բարեփոխումները, որոնք Վրաստանը պետք է ձեռնարկի Դաշինքին առավել մերձենալու համար»:
Հիշեցնենք, որ Վրաստանի փոխվարչապետ, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեն օրեր առաջ հայտարարեց, որ տեխնիկական առումով Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամակցությանը պատրաստ կլինի արդեն 2-3 տարի անց: