Ինչպես հայտնում են ադրբեջանական գործակալությունները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, դարձյալ շոշափել է ռազմական եղանակով լուծելու հնարավորությունների թեման: «Մենք բանակցություններ ենք վարելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածքային ամբողջականությունը խաղաղ կերպով վերականգնելու հույս ունենք: Երբ տեսնենք, որ դա անհնար է, այդժամ ադրբեջանական պետությունը, օգտագործելով ռազմական ուղին, կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ի.Ալիեւը նոյեմբերի 7-ին ադրբեջանցի երկու դիվերսանտների թաղման արարողության ընթացքում: Ադրբեջանի նախագահի խոսքով, հողերը ռազմական եղանակով ազատելու համար Ադրբեջանն ունի ինչպես մարտունակ բանակ, այնպես էլ զինծառայողների մարտական ոգի: