Ռուսաստանի Գերագույն դատարանը անօրինական է համարել գործարարներ Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի կալանքի երկարացման մասին որոշումները, որոնք կայացվել էին Խամովնիչեսկի դատարանի կողմից անցած տարվա օգոստոսին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Այդ մասին քիչ առաջ հայտարարել են գործարարների փաստաբանները: Դեռ պարզ չէ, թե ինչու է Գերագույն դատարանը անօրինական ճանաչել ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը, քանի որ հրապարակվել է միայն դատարանի որոշման ամփոփիչ մասը:
Փաստորեն, երկու գործարարները, որոնց նկատմամբ անցած տարի հարուցվել էր քրեական նոր գործ, և դեկտեմբեր ամսին դատարանը նրանց ևս 14 տարվա ազատազրկման էր դատապարտել, անցած տարվա օգոստոս-նոյեմբեր ամիսներին անօրինական են պահվել կալանքի տակ և պետք է ազատ արձակվեին:
Փաստաբաններին հայտնի չէ, թե դատավորի և դատախազի նկատմամբ ինչ որոշում է կայացրել դատարանը, քանի որ իրենք իրավական գնահատական էին պահանջել նրանց գործողություններին: