Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը 2012 թ. նախագահական ընտրությունների համար առաջին հերթին դիտարկում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է RBC-ն` հղում անելով կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղարի տեղակալ Յուրի Շուվալովին:
«Ինչ վերաբերում է 2012 թ. ընտրությունների վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը, ապա «Եդինայա Ռոսիան» պետք է կողմնորոշվի դեպի իր առաջնորդը` Վլադիմիր Պուտինը»,- ասել է Շուվալովը:
Նա շեշտել է, որ կուսակցությունը ստեղծելուց ի վեր Վլադիմիր Պուտինը համարվում է նրա առաջնորդը, նրան աջակցում է հասարակությունը: Եվ բնական է, որ կուսակցությունը ցանկանում է նրան տեսնել որպես նախագահի թեկնածու. «Առաջին հերթին նրա թեկնածությունն ենք մենք դիտարկում մեր կուսակցության կողմից նախագահական ընտրություններում թեկնածության առաջադրման հարցում»,- ասել է Շուվալովը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին թե՛ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, թե՛ վարչապետ Վլադիմիր Պուտինը սկսել են հաճախ խոսել առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իրենց թեկնածություններն առաջադրելու վերաբերյալ, որից հետո մամուլում և քաղաքական շրջանակներում սկսվել են ակտիվ քննարկումներ, թե, ի վերջո, ինչպես կվարվեն ՌԴ նախագահն ու վարչապետն ընտրություններից առաջ, և ով կառաջադրվի: