Թուրք լրագրող Ջեմ Բույուքջաքիրը դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման «Նախագահ Գյուլին վիրավորելու համար»` ասելով, որ վերջինս հայկական ծագում ունի: Այս մասին հայտնում է Ասպարէզ օրաթերթը` հղում կատարելով Bianet-ին:
HaberinYeri.net լրատվական կայքի խմբագրի մեղքն այն է, որ 2008թ. վերջին նա հրապարակել է ընթերցողներից մեկի մեկնաբանությունը, որում Գյուլը «մեղադրվում էր» հայ լինելու մեջ:
Նախագահի աշխատակազմի ներկայացրած հայցով ընթացող դատավարության ժամանակ մեղադրյալի դատապաշտպանը նշել է, որ հրապարակողը չի կարող պատասխանատվություն կրել ընթերցողի մեկնաբանության համար և պահանջել է դադարեցնել դատավարությունը:
Դատական լսումից հետո Բույուքջաքիրը հայտարարել է. «Ես դատապարտվեցի 11 ամսվա ազատազրկման այն մեկնաբանության համար, որը հեռացրել եմ զգուշացումն ստանալուց անմիջապես հետո: Շատ տարօրինակ է, որ մարդիկ դեռևս պնդում են, որ համացանցային մամուլը պետք է վերահսկվի այս երկրում: Վրդովեցուցիչ է, որ այդ հանցավոր մեկնաբանության հեղինակը շարունակում է հրապարակել իր գրառումներ այլ կայքերում և որևէ մեկը գործ չի հարուցում նրա դեմ: Ես շատ բան չեմ ուզում` ընդամենը որ իմ ներկայացրած ապացույցները քննվեն դատարանի կողմից: Այսօրվա տեխնոլոգիայի օգնությամբ դժվար չէ հաստատել, որ մեկնաբանությունը ես չեմ գրել: Հուսով եմ, որ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները սրա վերաբերյալ անտարբեր չեն մնա»,-եզրափակել է նա: