ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով երկքաղաքացիներին նաև նախագահ և պատգամավոր ընտրվելու իրավունք տալու մասին ՄԻՊ առաջարկին, ասաց. «Ամեն մի հայտարարություն մենք չենք կարող մեկնաբանել: Մենք ընդունում ենք նրա` հայտարարություններ անելու, կարծիք արտահայտելու իրավունքը, բայց տվյալ դեպքում թող ներկայացնի առաջարկ, կքննարկենք»:
Ըստ Սահակյանի, ՀՀԿ-ն իր տեսակետն արդեն արտահայտել է այդ առիթով: «Մենք մեր տեսակետը մշտապես արտահայտել ենք այդ կապակցությամբ, և չեմ կարծում, որ այստեղ դիրքորոշումների փոփոխություն կարող է լինել: Երկքաղաքացիները կարող են ընտրել ու ընտրվել, եթե հաշվառված են այստեղ, մասնակցում են երկրի կյանքին»,- ասաց նա: