Այսօր կայացած Ռուսաստանի ֆուտբոլային միության նիստի ժամանակ քննարկվել են Երևանում կայացած «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման ժամանակ 100-ից ավելի ռուս երկրպագուների մարզադաշտում չհայտնվելու դեպքի մանրամասները:
«Ռուս երկրպագուների մարզադաշտ մտնելու հետ կապված անվտանգության առանձնակի մեթոդներ կիրառելը, այդ թվում` զննման միջոցներն անհիմն էին, չմտածված և չեն համապատասխանում ՈւԵՖԱ-ի անվտանգության հայեցակարգի պահանջներին»,- ՌՖՄ նախագահի խորհրդական Ալեքսեյ Տարասենկոյի խոսքերն է մեջբերում ՌՖՄ պաշտոնական կայքը:
Ռուս երկրպագուների հետ կապված դեպքի քննության արդյունքում որոշում է կայացվել ՌՖՄ-ի անունից համապատասխան ուղերձ կազմել և ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:
«Ինչ վերաբերում է Մոսկվայից Երևան մեկնող այն ռուս երկրպագուներին, ովքեր ծեծկռտուք էին սկսել ինքնաթիռի մեջ, ապա նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցված: Մենք ամեն ինչ կանենք, որ ապագայում թույլ չտանք նրանց ազգային հավաքականի հանդիպումների տոմսեր ձեռք բերել»,-նշել է Տարասենկոն: